«Մեծ հերթեր են Բագրատաշենի անցակետում»․ բեռնափոխադրողներն ահազանգում են

Վերին Լարսի անցակետում երթուղիների թիվն ավելացել է, բայց հայ բեռնափոխադրողների խնդիրները չեն լուծվում․ այսօր մեծ հերթեր են Բագրատաշենի անցակետում։ Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ անցակետի թողունակությունը փոքր է, բեռնատարների մեծ հերթեր են գոյացել անցակետի երկու կողմում։ 

 

Կառավարության անդամները հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում հունիսի 15-ին շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ, ինչի արդյունքում, այս պահի դրությամբ, գործում են 39 ուղիներ, որոնցից 12-ը՝ բեռնատարների համար։ «Առավոտի» հարցին, թե այսպիսով լուծվո՞ւմ են հայ բեռնափոխադրողների խնդիրները, «Օրիգինալ տրանսպորտ գրուպ» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Վարուժան Քոլյանը պատասխանել է, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներ չկան, բայց ռենտգեն սարքավորումների պակաս կա, ինչը դժվարացնում է ձեւակերպումների գործընթացը։ 

 

«Բայց այդուհանդերձ Վրաստանում այս պահին կուտակումներ չունենք, այսօր կուտակում ունեն մեր Բագրատաշենի անցակետում։ Մենք ամեն կերպ փորձում ենք մեր խնդիրները բարդել Ռուսաստանի, Վերին Լարսի անցակետի վրա, բայց այսօր հայ փոխադրողները հերթի են կանգնած Բագրատաշենի անցակետ մտնելու համար։ Մեքենաներն ավելի քան 12 ժամ կանգնում են, մինչեւ մտնում են մեր մաքսակետ։ Խոսքը Հայաստանից դեպի Վրաստան մտնող եւ Ռուսաստան գնացող բեռնատարների մասին է։ Արագ փչացող բեռների մասով եւս, կոնկրետ այս փուլում խոսքը արտահանվող ծիրանի ու կեռասի մասին է, դժվարացել է Հայաստանից Վրաստան մտնելու գործընթացը։ Դա հիմնականում կապված է ստուգումների խստացման հետ, բայց, օրինակ, Վրաստանը թույլ է տալիս, որ արագ փչացող ապրանքով վրացական բեռնատարներն առանց հերթի մտնեն մաքսատուն, ձեւակերպվեն ու դուրս գան։ 

 

Ինչո՞ւ մենք Բագրատաշենի անցակետում հայերին չենք տալիս այդ հնարավորությունը, որ մարդը ծիրանը բարձած չգնա ու 24 ժամ հերթ չկանգնի, մինչեւ ձեւակերպվի ու անցնի Վրաստան։ Մենք հենց այսօր այդ խնդիրն ունենք Բագրատաշենի անցակետում»,- ասել է նա։ 

 

Վարուժան Քոլյանը նշել է, որ ստուգումները խստացվել են՝ պայմանավորված նրանով, որ վերջին շրջանում մեծաքանակ մաքսանենգ ապրանք հայտնաբերվեց Վերին Լարսի անցակետում։ «Դրանով պայմանավորված՝ հայկական կողմում ստուգումները խստացվել են, հավելյալ ստուգումներ են իրականացնում։ Այդ ստուգումների ֆոնին աշխատանքը դանդաղել է, չնայած այնպես չէր, որ նախկինում արագ էին աշխատում, բայց հիմա ավելի վատթար վիճակում ենք»,- նշել է նա։
 

Քաղաքականություն