Լինգը շպրտել է պարեկների ուղղությամբ. նախազգուշական կրակոցներ են արձակվել

Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է  ստանում, որ Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

Պարեկը մեկնում է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատում է մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։ Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցում է գետնին ու դիմում փախուստի։ Պարեկները հետապնդում են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակում է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտում է պարեկների ուղղությամբ։

 

Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասում են նրան, որ դադարեցնի փախուստը և կանգնի, ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարում է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։

 

Տեսնելով, որ այդ բառերն էլ չի զգաստացնում փախուստի դիմած քաղաքացուն, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակում դեպի օդ։

 

Այդ քաղաքացին այդ պահին էլ չի ենթարկվում պարեկների «կանգնիր» պահանջին, փախնում և մտնում է մոտակայքում կայանված ավտոմեքենայի տակ։ Պարեկները շրջափակում են այդ ավտոմեքենան և տղամարդուն հորդորում են, որպեսզի դուրս գա ավտոմեքենայի տակից։ 

Պարեկներից մեկը նրան հայտնում է, որ եթե նա այս անգամ էլ չենթարկվի իրենց օրինական «կանգնիր» պահանջին, ապա կրակոցն արձակելու են նրա ոտքերի ուղղությամբ։


Արդեն տեղում, Ոստիկանության ծառայողների գալուց հետո  այդ տղամարդը ավտոմեքենայի տակից ոստիկանների ու պարեկների ուղղությամբ է նետում դանակի նմանվող առարկա և մի քանի անգամ հայտնում է՝ «հանձնվում եմ» և դուրս է գալիս մեքենայի տակից:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Քաղաքականություն