ԱԺ-ն փոփոխություններ է կատարել տարկետում ձեռք բերելու հարցում

Ազգային ժողովն այսօր քննարկել և ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։

 

«Մեր երկրում պարտադիր է միջնակարգ կրթությունը՝ 12-ամյան, որը կարող է դրսևորվել՝ կա՛մ 12 տարի դպրոցում սովորելով, կա՛մ էլ 9-րդ դասարանից հետո նաև արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը շարունակելով։ Օրենքով նախատեսված է, որ մինչև 19 տարին լրանալն այն սովորողները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց ուսումնառությունը, ավտոմատ տարկետումից օգտվում են։ Ունենք դեպքեր, սակայն, երբ 19 տարին լրանալուց հետո դեռևս ուսումը ավարտված չէ, որի համար կան բազմաթիվ պատճառներ»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Ըստ նախարարի` օրենքի այս փոփոխությամբ կարգավորվում են այս դեպքերը, որոնք սովորողներին թույլ կտան շարունակել իրենց կրթությունն առանց ընդհատման և նոր անցնել զինվորական կարգավիճակի կամ զինծառայության փուլին։

 

Ըստ նրա՝ գործող օրենքով կան անհարթություններ, որոնք առաջ են բերում կոնկրետ խնդիրներ․ «Օրենքով սահմանափակված են այն հիմքերը, որոնք կարող են կիրառվել 19 տարին լրացած սովորողի կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից։ Տարկետում կարող է տրվել այն հիմքով, երբ բժշկական եզրակացության հիման վրա՝ ելնելով առողջական վիճակից, ընտանեկան հանգամանքից և բոլոր մնացած դեպքերից, երբ տարկետումն ունեցել էր նախկինում այլ հիմք, քան սովորելն էր, առաջանում էր խնդիրներ. օրենքում հստակեցվել է սահմանված հիմքերից որևէ մեկի պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը, նաև առանց ընդհատման բառերի ավելացմամբ՝ այն իրավունքի պահպանումը»։

 

Ըստ Անդրեասյանի` օրենքի այս փոփոխությունն իրականացվել է՝ փորձից ու բազմաթիվ խնդիրներից ելնելով, որոնք գրանցվում են զորակոչերի ժամանակ տարկետման հարցերը կարգավորելիս։ Վերջինս համոզված է, որ այս փոփոխությունը կդյուրացնի վարչարարությունը և կբարելավի բազմաթիվ սովորողների՝ տարկետումից անխափան օգտվելու հնարավորությունը:

Քաղաքականություն

Պատահարներ