ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանադայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ տարհանվել են

Կանադայի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով բնակիչների տարհանում է իրականացվել: Իշխանությունները հաղորդել են հրդեհի ավելի քան 100 ակտիվ օջախի մասին: Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

 

Ալբերտա նահանգում շուրջ 30 հազար մարդու հրահանգել են լքել իրենց տները: Նահանգում 2 տասնյակից ավելի հրդեհ առայժմ չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել: Ալբերտայի վարչապետն իրավիճակը նկարագրել է որպես «աննախադեպ». նահանգում մայիսի 6-ից արտակարգ դրություն է հայտարարված:

 

Ալբերտան հանդիսանում է աշխարհում նավթ արտադրող ամենամեծ նահանգներից մեկը: Այնտեղ անտառային հրդեհների արագ բռնկմանը և տարածմանը նպաստել է շոգ և չոր եղանակը: Տեղի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ նահանգի հարավում տեղացած թույլ անձրևների շնորհիվ կիրակի օրը հրշեջներին հաջողվել է մոտենալ մինչ այդ անհասանելի հատվածների, սակայն նահանգի հյուսիսում իրավիճակը շարունակում է շատ բարդ մնալ:

 

Ալբերտայի Ֆոքս Լեյք քաղաքում հրդեհից այրվել է 20 տուն, 1 խանութ և ոստիկանական բաժանմունքը: Բնակիչներից մի քանիսը տարհանվել են նավով և ուղղաթիռով:

 

Հարևան Բրիտանական Կոլումբիա նահանգում վերահսկողությունից դուրս եկած երկու անտառային հրդեհների պատճառով մարդիկ ստիպված են եղել լքել տները: Իշխանությունները նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին ուժգին քամիներ են սպասվում, որոնք կարող են ավելի բորբոքել կրակը:

 

Վերջին տարիներին Կանադայի արևմուտքում հաճախ են արտակարգ եղանակային պայմաններ դիտվում: France 24-ը հիշեցնում է, որ Բրիտանական Կոլումբիա նահանգում 2021 թ.-ին բարձր ջերմաստիճանի պատճառով ավելի քան 500 մարդ էր մահացել, իսկ անտառային հրդեհները ոչնչացրել էին մի ամբողջ քաղաք: Սրան հաջորդել էին ավերիչ հեղեղներ և սողանքներ: