ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախումներ Հնդկաստանի հյուսիս-արեւելքում. զոհվել է ավելի քան 50 մարդ
Հնդկաստանի հեռավոր հյուսիս-արեւելքում շաբաթ օրը էթնիկական տարբեր խմբերի միջեւ բախումների հետեւանքով մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 54-ի, իսկ գիշերը տեղի է ունեցել բռնության նոր բռնկում, չնայած իշխանությունները շտապ զորք են մտցրել իրավակարգի վերականգնման համար։
Հազար զինվոր է ուղարկվել Մանիպուր նահանգ, քանի որ չորեքշաբթի օրը բողոքի երթը վերածվել էր բռնության։ Իշխանություններն անջատել են ինտերնետը եւ հրամայել կրակել ծայրահեղ դեպքերում՝ փորձելով զսպել անկարգությունները։
Ոստիկանությունն AFP-ին տեղեկացրել է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված ուրբաթ երեկոյան բռնության նոր բռնկումից հետո, իսկ The Press Trust of India հնդկական գործակալությունը տեղեկացրել է, որ Իմփհալե նահանգի մայրաքաղաքի եւ հարավային Չուրաչանդպուր օկրուգի հիվանդանոցների դիահերձարաններում 54 դի կա։
Մանիպուրի ոստիկանության գլխավոր տնօրեն Դունգելը լրագրողներին ուրբաթ տեղեկացրել է, որ անվտանգության ուժերը վերահսկում են իրավիճակը։
Հնդկական բանակի ստորաբաժանումը, որը տեղակայված է հարեւան Նագալենդ նահանգում, տեղեկացրել է, որ 13 000 մարդ ապաստան է գտել «զինվորական կացարաններում»։ Հինգշաբթի անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են օգտագործել՝ ցրելու համար ցուցարարներին, նրանցից ոմանք այրել են ավտոմեքենաներ եւ տներ։
Ցեղախմբերը բողոքում էին մեյթեների դեմ, որոնք նահանգի բնակչության մեծամասնությունն են կազմում եւ ցանկանում են ունենալ «գրանցված ցեղի» կարգավիճակ։ Հնդկաստանի օրենսդրությունն այս կարգի ցեղերին տրամադրում է պետական պաշտոններ զբաղեցնելու քվոտաներ, քոլեջներ ընդունվելու հնարավորություն։
Մանիպուրը Հնդկաստանի հեռավոր հյուսիս-արեւմուտքում է, երկրի մնացած հատվածի հետ կապը պահպանվում է նեղ ցամաքային միջանցքով, այստեղ տարիներ շարունակ տեղի են ունենում հուզումներ էթնիկ հողի վրա։
Հյուսիս-արեւելքը տասնյակ ցեղերի եւ ոչ մեծ պարտիազանական բանակների բնակավայրն է, որոնց պահանջներից են ինքնավարության տրամադրումը, Հնդկաստանից առանձնանալը եւ այլն։
Մանիպուրում 1950-ական թթ. առաջին ապստամբությունից հետո այդ հակամարտություններում զոհվել է 50 000-ին մոտ մարդ։