«Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա». Ֆրենկ Փալոնը` ադրբեջանցիների քաղաքականության մասին

Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են:  ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ հայտնել է Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

 

«Այն, ինչ կատարվում է Արցախում, հարձակումը, ագրեսիան, որ տեղի ունեցավ երկու տարի առաջ, Լաչինի միջանցքի արգելափակումը, իմ կարծիքով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն: Մենք գիտենք, որ Արցախում մարդիկ զրկանքների են ենթարկվում՝ չունենալով բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ դեղորայք: Դա ցեղասպանություն է թվում, սակայն մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Սակայն դա նույն երևույթն է՝ անկախ նրանից դա Ադրբեջանն է իրագործում թե Թուրքիան», - շեշտել է կոնգրեսականը:

 

Ֆրենկ Փալոնը նաև ընդգծել է, որ ադրբեջանական այս ագրեսիան ուղղված չէ միայն Արցախի դեմ: Ադրբեջանի բանակը շարունակում է ներխուժումները Հայաստան՝ փորձելով ավելի շատ տարածքներ գրավել:

 

Ըստ նրա`  Հայկական հարցերով խմբի անդամները բազմիցս հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարությանը, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է: Նա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից գործադրվող ճնշումն, ի վերջո, կնպաստի միջանցքի վերաբացմանը, և որ բանակցությունների արդյունքում Արցախն, ի վերջո, կճանաչվի հայկական տարածք:

 

Ֆրենկ Փալոնը նաև հիշեցրել է, որ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ դրան հասնելը հեշտ չի եղել: Նա շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Ադամ Շիֆին, որը եղել է այդ օրինագծի նախաձեռնողը: Փալոնը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: