
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություններին։ Այս մասին գրում է Radar Armenia-ն:
«Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը ներկայացրել է խեղաթյուրված և կատարել ոչ ճիշտ եզրահանգումներ։
Հայոց Հայրապետը երբևէ պատերազմի կոչ չի արել։ Նորին Սրբությունը մշտապես ընդգծել ու կարևորել է արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունը։
Սուրբ Էջմիածնի հորդորն է Ալլահշուքյուր Փաշա Զադեին՝ իբրև հոգևոր առաջնորդ Բարձրյալի կամքին համաձայն մարդասիրական քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեն Բաքվում պահվող ռազմագերիներին, դադարեցնեն մշակութային եղեռնագործությունը և վերացնեն Բերձորի միջանցքի արգելափակումը, որն ավելի քան չորս ամիս հումանիտար աղետի առջև է կանգնեցրել 120․000 արցախցիների։
Այս կլինի Ալլահշուքյուր Փաշա Զադեի կողմից հնչեցված բարեկամության կոչերի լավագույն դրսևորումը»,- հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ Ադրբեջանի և, միաժամանակ, Կովկասի մահմեդականների առաջնորդ, ազգությամբ թալիշ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությունները ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ։
Կաթողիկոսը հայտարարել էր, որ կասկածից վեր է, որ «մենք պաշտպանելու ենք Արցախի ժողովրդի՝ ազատ, անկախ ապրելու իրավունքը»։
Փաշազադեն, ի պատասխան, հայտարարել է. «Կարծում եմ՝ հայոց կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնականի համար։ Հոգևորականները պետք է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն։ Հայոց կաթողիկոսի պատերազմական նոր կոչերը կապված են նրա՝ քաղաքական նկրտումների գերի դառնալու հետ։ Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է։ Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում»։