ՀՀ դրոշի պահանջները խախտելու դեպքում կտուգանվեն. կառավարությունը հավանություն տվեց

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Ըստ այդմ, հստակեցվում է ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանվում է որպես ընդհանուր պահանջ:

 

Բացի այդ, հստակեցվում է ՎԻՎ օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը։

 

«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ Հայաստանի Հանրապետության դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը»,-նշված է հիմնավորումների մեջ:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սա կապված է պետական մտածողության արմատավորման հետ.

 

«Պետական մտածողությունը երբեմն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է։ Այսօր պետական, ոչ պետական հաստատություններում կարելի է ականատես լինել ցնցոտիացված դրոշների, և շատ հաճախ մենք դրանց կողքով անցնում ենք՝ մտածելով, որ այդպես էլ պետք է լինի։ Բայց պետք է խոստովանեմ, որ ես ինքս նման դեպքերի կողքով չեմ անցնում, և բազմիցս այդ թվում հրապարակային, այդ թեմային անդրադարձել եմ»։ 

 

Ըստ նրա`  հասել ենք մի կետի, որ պետք է դրոշի պահանջների խախտման համար իրավական պատասխանատվության կետեր սահմանվեն։

 

Օրենսդրական փաթեթը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Միքայել Մինասյանը։

 

Նա հայտնեց, որ բացի «Դրոշի մասին» օրենքից փոփոխություններ են արվում նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում։ Դրանց համաձայն` դրոշին ներկայացվող պահանջների խախտման համար այսօր նախատեսված 30- 50 հազար դրամ տուգանքները կպահպանվեն միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, իսկ պաշտոնատար անձինք կտուգանվեն 50-70 հազար դրամով։

Քաղաքականություն

Պատահարներ