Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասելով, թե իբր տարածաշրջանում «իրավիճակը շահարկելու»  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը անընդունելի են։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանը, «ժողովրդավարության քողի տակ», «շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը»: Հայաստանի վարչապետը հիմքեր չունի «սխալ մեկնաբանելու» Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը Լաչինի ճանապարհի վերաբերյալ և մեղադրանքներ ներկայացնելու, որ Ադրբեջանը «իբր» փակել է Լաչինի ճանապարհը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Կառավարության նիստում ասել էր.

 

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով։ 2054 բարձունքից ադրբեջանական կողմը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: 
 

2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից:

Քաղաքականություն

Պատահարներ