
Սահմանափակվեց փողոցային առևտուրը Երևանում

Հայաստանի Ազգային ժողովը սահմանափակեց փողոցային առևտուրը Երևանում։ ՀՀ կառավարության ներկայացրած «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դրա համար նախատեսված վայրերից (այսինքն ՝ գյուղատնտեսական շուկաներից) դուրս փողոցային առևտրի դեպքում ապրանքը ենթակա է առգրավման։
Ըստ նախագծի` «Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացման դեպքում իրականացնում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին»։
Ավելի վաղ կառավարության ներկայացուցիչները հիշեցրել էին, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով բացօթյա տարածքում թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Բացօթյա առևտուր իրականացնողները պետք է պայմաններ ապահովեն վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար: Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին: