ԵՄ պաշտպանության նախարարները պայմանավորվել են Ուկրաինային հետագա ռազմական օգնության շուրջ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ասել է, որ ԵՄ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ընդհանուր առմամբ համաձայնել են Ուկրաինային ռազմական օգնության կարգի վերաբերյալ իր առաջարկին, սակայն մնում է համաձայնեցնել մանրամասները։
«Պետք է զեկուցեմ, որ մեր կարծիքների փոխանակման հիման վրա կարծես թե ընդհանուր համաձայնություն է ի հայտ գալիս: Այնուամենայնիվ, դեռևս կան չլուծված հարցեր: Այս ամենը պետք է մանրամասն քննարկվի: Բոլորը համակարծիք են առաջ գնալու հրատապության շուրջ: Բոլորը համակարծիք են Ուկրաինային հնարավորինս արագ աջակցություն ցուցաբերելու նպատակին»,-ասել է նա չորեքշաբթի Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ ոչ պաշտոնական խորհրդի ավարտից հետո։
Բորելը կրկնել է իր ավելի վաղ արած կոչը՝ «արագացնել զինամթերքի մատակարարման ժամանակը Ուկրաինա, նվազեցնել դրանց գինը և ավելացնել մատակարարումների ծավալը»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «ավելին հասցնել, բայց միաժամանակ ավելի արագ»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ պաշտպանության նախարարներին զեկուցել է զինամթերքով Ուկրաինային աջակցելու իր առաջարկած «երեք ուղղությունների» մասին, որոնք պետք է իրականացվեն միաժամանակ։ Նրա առաջարկը ենթադրում է ֆինանսավորում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով զինամթերքի արժեքը փոխհատուցելու համար, որը շտապ Կիև կմատակարարվի ԵՄ երկրների առկա պաշարներից կամ արդեն իսկ պատվիրվածից:
Դա, պարզաբանել է նա, վերաբերում է ինչպես ՆԱՏՕ-ի տրամաչափի, այնպես էլ նախկին Վարշավյան պայմանագրի երկրների բանակների տրամաչափի զինամթերքին։ Բորելը նախարարներին հրավիրել է դրա համար 1 միլիարդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի հնարավորություններից։
Երկրորդ, ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է համախմբել անդամ երկրներից զինամթերքի նոր պատվերները՝ սպառված պաշարները լրացնելու և Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու համար: Նրա կարծիքով, դա կօգնի նվազեցնել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի գները և նվազեցնել առաքման ժամկետները։ Ի աջակցություն այս նախագծի՝ նա առաջարկել է եւս 1 միլիարդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։
Երրորդը, Բորելը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ երկրների պաշտպանական արդյունաբերության կարողությունները, որ կարողանանք բավարարել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ հենց Եվրամիության զինված ուժերի պահանջարկը։
Նա ակնկալում է, որ ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահության աջակցությամբ Բրյուսելը կկարողանա այս փաթեթի վերաբերյալ աշխատանքը հասցնել ԵՄ երկրների միջև համաձայնության մինչև մարտի 20-ը։
Մարտի 8-ին Ստոկհոլմում կայացած պաշտպանության նախարարների հանդիպումը որևէ որոշում չի ենթադրել, քանի որ ԵՄ ոչ պաշտոնական խորհուրդները պաշտոնական փաստաթղթեր չեն ընդունում։