Քաղաքապետը կեսգիշերին այցելել է վիրավորներին. ովքե՞ր են դանակահարված աշխատակիցները

Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Հ․-ն է։

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «շեք շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 58-ամյա Արայիկ Մ․-ն է։

Պարզվում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Տաշքենդի փողոցի 2/8 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառում նշված անձանց, ապա դիմում փախուստի։
 

Վիրավորներն աշխատում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Եվ երեկ, կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

 

Հիշեցնենք` ավելի վաղ գրել էինք, որ գիշերը դանակահարել են Երևանում սանմաքրում իրականացնող 2 աշխատակցի: