ԵԽ–ն հրատապ բանաձև է ընդունել` ԼՂ-ի շրջափակման հետևանքների մասին
Եվրախորհրդարանը «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների մասին» հրատապ բանաձև է ընդունել։ Տեղեկությունը Twitter–ում հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանատունը։
Բանաձևի տեքստում նշվում է, որ ինքնահռչակ բնապահպանների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով խախտվել է հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը 120 000 հայերի համար, որոնք փաստացի շրջափակման մեջ են։
Շրջափակումը մարդասիրական լուրջ ճգնաժամի է հանգեցրել, ինչն անդրադարձել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա։ Ծանր հիվանդ բուժառուների տեղափոխումը գրեթե անհնար է, այս իրավիճակում մեկ մահվան ելք է արձանագրվել։ Բացի այդ, հարյուրավոր ընտանիքներ բաժանված են իրարից։
Մարդասիրական ճգնաժամն ավելի վատթարացել է Ադրբեջանի կողմից ԼՂ–ում բնական գազի մատակարարումն արգելափակելու պատճառով, ինչի հետևանքով տներ, հիվանդանոցներ և դպրոցներ են մնացել առանց ջեռուցման։
Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր միջազգային պարտավորությունները, որոնց համաձայն` Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկկողմանի ուղղությամբ տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։
Տեքստում նշվում է նաև, որ Լաչինի միջանցքի ճանապարհին առկա խոչընդոտները արգելակում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` Եվրախորհրդարանը.
1.Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և ԼՂՀ հակամարտության հետևանքով առաջացած ողբերգական մարդասիրական հետևանքների համար,
2.Հորդորում է Ադրբեջանին հարգել և կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ բացել Լաչինի միջանցքը, որպեսզի ապահովվի ազատ տեղաշարժն ու հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը` այդպիսով երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու պահպանելով մարդկանց գոյության միջոցները,
3.Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ–ում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ հայերի նկատմամբ խտրականություն սերմանող և ԼՂ–ն լքելու հորդորներով սադրիչ հռետորաբանությունից,
4.Հորդորում է Ադրբեջանին հետագայում զերծ մնալ Հայաստանի և ԼՂ–ի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերը խաթարելուց,
5.Վճռականորեն դատապարտում է այն, որ Ադրբեջանն իրավապաշտպաններին քավության նոխազ է դարձնում, և հորդորում է ԵՄ ներկայացուցչություններին և անդամ երկրներին աջակցել իրենց աշխատանքին,
6.Կարծում է, որ ՌԴ խաղաղապահները, ՄԱԿ–ի մանդատի համաձայն, պետք է հրատապ փոխարինվեն ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով,
7.Հորդորում է ապահովել միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ` իրավիճակը գնահատելու և մարդասիրական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար,
8.Հորդորում է ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք` տեղում մարդասիրական իրավիճակը գնահատելու համար,
9.Հորդորում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա անհապաղ վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները,
ԵՄ–ն 10-րդ կետում հորդորում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԼՂ բնակչությանը «Բաքվի ակտիվության» հետևանքներից զերծ պահելու համար, Ռուսաստանի դերն անվանում է «ապակառուցողական», իսկ ԵԱՀՄ Մինսկի խմբին` «անգործունակ», իսկ 11-րդ կետում հանձնարարում է իր նախագահին ներկայիս բանաձևն ուղարկել Հայաստան, Ադրբեջան և միջազգային կազմակերպություններին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ հրատապ բանաձևի վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ մեկ ամիս շարունակվող շրջ...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...
Միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյանը` ԵԱՀԿ–ում իր ելույթի արդյունքների մասին
Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողով...
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մտադրությունը դեռ ուժի մեջ է. Լավրով
Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրու...