Պետությունը ևս 44 շիրմաքար կտեղադրի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի շիրիմներին
Սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհված ու «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 44 զինծառայողների շիրմաքարերը կտրամադրի ՀՀ պաշտպանության նախարարարությանը։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ հիմնավորման` 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման ու շիրմաքարերի տեղադրման նպատակով պաշտպանության նախարարությունը 2021 թվականի նոյեմբերի 18-ին պայմանագիր էր կնքել «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի հետ, որով նախատեսվել էր ձեռք բերել 950 շիրմաքար:
Սակայն 38 զինծառայողների հարազատները գերադասել էին իրենց նախընտրած ձևով կառուցել և տեղադրել շիրմաքարերը` դրանց դիմաց խնդրելով փոխհատուցում:
Արդյունքում պայմանագրով նախատեսված շիրմաքարերի որոշ խմբաքանակ պահեստավորվել էր։
Սույն թվականի սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով կառավարությունը որոշել է նոր մրցույթ չանցկացնել ու տեղադրել արդեն պատրաստի շիրմաքարերը։