ԱՄՆ-ն կարող է հարկադրել TikTok-ին, որ վաճառի սոցցանցի ամերիկյան հատվածը․ ի՞նչ է սպասվում սոցցանցին

ԱՄՆ նախագահի վարչակազմի մի շարք պաշտոնյաներ առաջարկել են TikTok-ի ամերիկյան հատվածի հարկադիր վաճառք կազմակերպել, ինչի արդյունքում Չինաստանը հնարավորություն չի ունենա հավելվածն օգտագործել լրտեսության և ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու համար, այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

 

Ամերիկացի պաշտոնյաները բազմիցս մտահոգություն են հայտնել, որ TikTok-ը ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի կառավարությանը, որն այն կարող է օգտագործել իր քաղաքական նպատակներով։   

Առաջարկն արվել է ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների կոմիտեի (CFIUS) միջգերատեսչական մարմնի կողմից «TikTok խնդրի» քննարկման ժամանակ։ CFIUS-ն արդեն ավելի քան երկու տարի բանակցություններ է վարում սոցցանցի հետ՝ տվյալների տեղայնացման և դրանք Չինաստանի իշխանություններից պաշտպանելու համար։

 

Սեփականատրոջ փոփոխությունը` միակ լուծում 

 

Պենտագոնը և Արդարադատության նախարարությունն աջակցել են TikTok-ի ամերիկյան հատվածի հարկադիր վաճառքի վերաբերյալ նախաձեռնությանը։ Երկու գերատեսչությունների ներկայացուցիչներն ասել են, որ միայն TikTok-ի ամերիկյան հատվածի ամբողջական մեկուսացումը կզրկի Պեկինին և՛ օգտատերերի տվյալների նկատմամբ հասանելիությունից, և՛ սոցցանցի ալգորիթմների նկատմամբ վերահսկողությունից, այսինքն՝ Չինաստանն այդ դեպքում չի կարող վերահսկել, թե կոնկրետ ինչ բովանդակություն պետք է առաջարկվի ամերիկացի օգտատերերին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգուշացրել է, որ սեփականատիրոջ հարկադիր փոփոխության մասին հրամանը ընկերությունը կարող է վիճարկվել դատարանում։ Նախարարության ներկայացուցիչը նաև ասել է, որ CFIUS-ը, այդուհանդերձ, կարող է առաջարկություն ուղարկել Սպիտակ տուն, ըստ որի՝ ԱՄՆ-ում սոցցանցի գործունեությունը շարունակելու միակ պայմանը կարող է լինել դրա սեփականատիրոջ փոփոխությունը։

 

TikTok-ը պնդում է՝ տվյալներ չի տրամադրում Չինաստանին

 

TikTok-ի ադմինիստրացիան, ինչպես նախկինում, պնդում է, որ իրենք չինական իշխանություններին հասանելիություն չեն տրամադրում և երբեք չեն տրամադրի սոցցանցի օգտատերերի տվյալներին։ Թեև վերջերս հայտնի դարձավ, որ TikTok-ի աշխատակիցները հավելվածի միջոցով հետևել են ամերիկացի լրագրողներին։

Սոցցանցի հարկադիր վաճառքի նախաձեռնության վերաբերյալ TikTok-ը մեկնաբանություն չի արել, սակայն հայտարարել է, որ իրենք կարող են շտկել ԱՄՆ կառավարության մատնանշած խնդիրները։

 

Օրենքներ՝ ընդդեմ TikTok-ի

 

Նշենք, որ ԱՄՆ քանի հանրապետական ​​նահանգապետեր պետական ​​մակարդակով արդեն արգելել են TikTok-ի օգտագործումը պետական հիմնարկներին պատկանող սարքերում։ Նման սահմանափակումներ է կիրառել առնվազն յոթ նահանգ, ներառյալ Մերիլենդը, Հարավային Դակոտան և Յուտան: 

 

Ամերիկացի երեք օրենսդիրներ օրենքի նոր նախագիծ էին ներկայացրել, որի նպատակն է արգելել չինական TikTok սոցցանցի գործունեությունն ԱՄՆ-ում, քանի որ օրենսդիրները կարծում են, որ TikTok-ն ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի կառավարությանը։

 

Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն ասել էր, որ դաշնային կառավարությունը պետք է մեկ բովանդակալից քայլ կատարի ամերիկացի օգտատերերին TikTok-ի սպառնալիքից պաշտպանելու համար։ «Այլևս չենք կարող ժամանակ կորցնել Չինաստանի կոմունիստական կուսակցության խամաճիկ ընկերության հետ անիմաստ բանակցությունների վրա։ Ժամանակն է ընդմիշտ արգելել Պեկինի կողմից վերահսկվող TikTok-ը»,- ասել էր նա։

Այս օրինագիծը միակ դաշնային օրենքը չէ, որն ուղղված է TikTok-ի դեմ: Անցյալ տարի ԱՄՆ օրենսդիրներն առաջարկել էին օրենք, որն արգելում է TikTok-ի օգտագործումը դաշնային գործակալությունների կողմից, իսկ Մարկո Ռուբիոն ներկայացրել էր մի օրինագիծ, որը որոշ հավելվածներ արտադրողների կստիպի բացահայտել սեփականատերերի մասին տեղեկությունները: Մեկ այլ օրինագիծ, որը ներկայացվել է այս աշնանը, TikTok-ին արգելում է Չինաստանում գործող աշխատակիցներին հասանելիություն տրամադրել ԱՄՆ քաղաքացիների օգտատերերի տվյալներին:

 

Քաղաքականություն