Թուրքիայի ՊՆ ղեկավարը` Փարիզում քրդերի հետ բախումների մասին

Փարիզի անկարգությունները «օձի խայթոցներ» են, որը «սնվել է ֆրանսիացիների կողմից»։   Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսպես է բնութագրել Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, գրում է Kp.ru-ն։

 

«Փարիզի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ֆրանսիացիների կողմից կերակրվող օձը սկսել է խայթել նրանց», - ասել է Աքարը «Անադոլու» լրատվական գործակալությանը, այդպիսով այլաբանորեն Փարիզի անկարգությունների համար մեղադրելով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին:  

 

Ըստ Աքարի՝ հենց PKK-ի ներկայացուցիչներն են «այրում Փարիզի փողոցները»։

 

Նախարարն ասել է, որ «այժմ բոլորը պետք է տեսնեն այս ահաբեկչական կազմակերպության իրական դեմքը»։

 

Հիշեցնենք, որ Փարիզում երեք ակտիվիստների սպանությունից հետո զանգվածային բախումներ են տեղի ունեցել քրդերի և ոստիկանության միջև։ 

 

Քրդերի ներկայացուցիչներն արձագանքել են սպանությանը որպես էթնիկ անհանդուրժողականության ակտ:

Քաղաքականություն