Հյուսիսկորեական ԱԹՍ-ները` Սեուլի երկնքում. ինչ է հայտնի

Հարավային Կորեայի զինվորականների գործողությունը՝ իր տարածք ներխուժած հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար, 

տևել է մոտ հինգ ժամ: Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեն:
 

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը, որը թռել է Սեուլ և վերադարձել Հյուսիսային Կորեա, մոտ երեք ժամ անցկացրել է Հարավային Կորեայի երկնքում։ Եվս չորս անօդաչու թռչող սարք անհետացել է ռադարներից: Հարավկորեացի զինվորականները Գանգհվա կղզու տարածքում թռչող տեխնիկան խոցելու փորձեր են արել, սակայն դրանք անհաջող են եղել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հյուսիսկորեական անօդաչու սարքերը Կորեայի Հանրապետության օդային տարածքում են եղել առնվազն յոթ ժամ։
 

«Հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը թռչում էին մասնավոր տների, քաղաքների կենտրոնների վրայով: Արտակարգ իրավիճակների դեպքում մեր զինվորականները հաշվի են առնում այն ​​վնասները, որոնք կարող են պատճառել, հետևաբար չեն կարող կրակել: Դրանք կարող են խոցվել այնպիսի տարածքներում, որտեղ չկա համաքաղաքացիների տները վնասելու վտանգ»,- News-1 գործակալությանը հայտնել է Զինված ուժերի ներկայացուցիչը։

 

Հարավկորեական բանակի տվյալներով` տեղական ժամանակով ժամը 10:25-ին (Երևանի ժամանակով 05:25-ին) Գյոնգիդո նահանգի սահմանամերձ շրջաններում հայտնաբերվել են «անհայտ օբյեկտներ»: Այդ տեխնիկան հատել է ռազմական սահմանազատման գիծը և հայտնվել Գանգվա-դո կղզու Պաջու, Գիմպո քաղաքներում, ինչը հանգեցրել է Սեուլի օդանավակայաններում շուրջ 30 քաղաքացիական թռիչքների ժամանակավոր դադարեցմանը։

 

Ի պատասխան՝ Կորեայի Հանրապետությունը բարձրացրել է իր ինքնաթիռները, ուղղաթիռները և այլ ավիացիոն տեխնիկա։ Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական հաղորդագրություններ են փոխանցել, նախազգուշական կրակ բացել, ապա «սկսել դրանց (օբյեկտների) ոչնչացման գործողությունը։ Բացի այդ, հարավկորեական կողմը «համաչափ է արձագանքել»՝ ուղարկելով իր հետախուզական միջոցները սահմանային գոտի, այդ թվում՝ ռազմական սահմանազատման գծից հյուսիս։

Քաղաքականություն