Առանց որևէ պայմանի․ Ֆրանսիան կոչ է արել վերականգնել մատակարարումները Լաչինի միջանցքով

Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի մատակարարումը առանց որևէ նախապայմանի՝ հարգելով այնտեղի բնակչության իրավունքները»,- ասվում է կոմյունիկեի մեջ։ 

Փարիզը նաև հիշեցրել է «2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտությունը»։ 

«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը»,- ասված է Ֆրանսիայի նախարարության հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել էին իբր որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտից փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը։ 

Երեկ Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ