Խուճապի պատճառներ չկան․ Մակրոնը զսպվածության կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան, սակայն կոչ է արել քաղաքացիներին ավելի քիչ էներգիա օգտագործել, իսկ պետական EDF ընկերությանը՝ վերագործարկել միջուկային ռեակտորները՝ սառը եղանակի դեպքում հոսանքազրկումները կանխելու համար, հայտնում է Reuters-ը: 

Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տեսագրվել է այս շաբաթ ԱՄՆ կատարած նրա պետական այցի ժամանակ, Մակրոնը հերքել է, որ հոսանքազրկման վտանգը կապված է EDF-ի միջուկային ռեակտորների վերագործարկման ծրագրի ոչ պատշաճ կառավարման հետ։ 

«Նախ, եկեք պայմանավորվենք՝ ոչ մի խուճապ: Միանգամայն օրինական է, որ կառավարությունը պատրաստվում է ծայրահեղ դեպքերի, որոնք նշանակում են օրական մի քանի ժամով անջատումներ, եթե մենք բավարար էներգիա չունենանք»,- ասել է Մակրոնը։ 

Ֆրանսիական RTE ցանցային օպերատորի ղեկավարը հինգշաբթի հայտարարել էր, որ այս ձմռանը Ֆրանսիան կարող է բախվել «մի քանի օր» էլեկտրաէներգիայի անջատումների, եւ կառավարությունը սկսել է տեղական իշխանություններին հրահանգել, թե ինչպես վարվել ցանկացած անջատման դեպքում։ 

EDF-ը բախվել է իր միջուկային ռեակտորների աննախադեպ անջատումների, ինչը հանգեցրել է ատոմային էներգիայի արտադրության նվազման՝ մինչեւ 30 տարվա նվազագույնը, այն դեպքում, երբ Եվրոպան փորձում է փոխարինել ռուսական գազի մատակարարումները: 


 

Քաղաքականություն

Պատահարներ