ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցի տնօրենի տղան հեռախոսով հարվածել է փոխգնդապետ ուսուցչին, հետո աշխատանքից հեռացրել են նրան. ահազանգ
Ծեծի եմ ենթարկվել Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի որդու կողմից։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում պատմել է արցախյան պատերազմներին մասնակցած փոխգնդապետ, նույն դպրոցի արդեն նախկին ուսուցիչ, զինղեկ 68-ամյա Տիգրան Ազիզյանը և հայտնել, որ արդեն մեկ տարի է դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանը նպատակադրվել է իրեն աշխատանքից ազատել, ինչն էլ օրեր առաջ տնօրենի մոտ հաջողվել է։
Տիգրան Ազիզյանի խոսքով՝ դեռ դեկտեմբեր ամսից դպրոցում ուսուցչական սանհանգույցը չի գործել։ Տեխնիկական խնդիր է եղել և երկար ժամանակ ուսուցիչները չեն կարողացել օգտվել իրենց համար նախատեսված սանհանգույցից։ Դա էլ պատճառ է դարձել, որ ինքն ու դպրոցի շախմատի ուսուցիչը դուրս գան դպրոցից և գնան մեկ այլ հասարակական վայր՝ կարիքները հոգալու համար։
«Այս ամենը պատճառ դարձավ, որ ինձ հետ պատահի մի տհաճ միջադեպ։ Մարտի 18-ին հարկադրված էի օգտվել տղա աշակերտների սանհանգույցից։ Երբ տղաների զուգարանում էի, վերևից՝ դուռը փակ, երեք տղա՝ 8բ-ից, «Կոկա-Կոլայի » պարունակություն լցրին վրաս։ Վստահ եմ՝ նրանք չգիտեին, որ ես եմ այդտեղ։ Այդ պահին ձայն չհանեցի, ամաչեցի ու սպասեցի, որ գնան, չտեսնեն, որ զինղեկի վրա են ընպելիքը լցրել։ Կարծում եմ՝ տղաները պատմել էին ընկերներին, թե ինչ է տեղի ունեցել պետքարանում և սպասել են տեսնելու, թե ո՞ւմ վրա են լցրել ըմպելիքը։ Նրանցից մեկը բղավեց, որ ես եմ ներսում եղել, բոլորը սկսեցին ծիծաղել»,- նշեց Ազիզյանը։
Նրա խոսքով՝ համազգեստով է եղել և շորերն ամբողջությամբ կեղտոտված են եղել։
«Այդ պահին այդ դասարանի դասղեկը՝ Տաթև Պողոսյանը, ներս եկավ և հարցրեց, թե ի՞նչ է եղել։ Դասղեկին խնդրեցի, որ թույլ տա այդ երեք տղաներին տանել իմ սենյակ՝ նրանց հետ խոսելու և խնդրելու, որ աղմուկ չբարձրացնեն, անհարմար է։ Հանգիստ գնում էինք, նրանք ետևից ծիծաղում էին ինձ վրա։ Կարծում էի՝ գոնե ներողություն կխնդրեն, սակայն նրանք սկսեցին ավելի բարձր ծիծաղել։ Այդ ժամանակ դասղեկն էլ նկատողություն արեց։ Նրանք և ես մտանք իմ աշխատասենյակ։ Խոստովանում եմ, որ ապտակել եմ նրանց՝ իրենց վատ խոսքերի և պահվածքի համար և ասել, որ երկուշաբթի օրն իրենց ծնողներին հետ գան»։
Այնուհետև զինղեկը իջնել է ներքև և նկատել այդ երեք տղաներին դպրոցի տնօրենի ընդունարանի մոտ, որտեղ սպասել են իրենց ներս մտնելուն։
Ազիզյանն ասաց՝ սպասել է, որ տնօրենն իրեն կկանչի և բացատրություն կպահանջի, սակայն այդպես չի եղել։
«Հետո իմացա, որ դպրոցի տնօրենը կանչել է նրանց ծնողներին և ասել, որ դիմում գրեն և ասեն, թեսրբություն և մայր եմ հայհոյել, հաշվեհարդար տեսել երեխաների հետ։ Հետո տնօրենը մանկավարժական նիստ է հրավիրել, ինձ կանչել և խիստ նկատողություն տվել»։
Ազիզյանը դիմել է պետական մարմիններին և ինչպես ինքն է նշում՝ կարողացել ապացուցել, որ իրեն նախապես զգուշացում չի եղել, հրավիրվել է մանկավարժական նիստ և գրանցվել նկատողությունը՝ առանց իր տեսանկյունը հաշվի առնելու։
Ազիզյանը հայտնեց նաև, որ տնօրենի՝ Մարիամ Սարգսյանի տղան՝ Նարեկ Խաչատրյանը, ովդպրոցում միաժամանակ աշխատել է որպես շախմատի ուսուցիչ և գիշերային պահակ՝ կատարվածից հետո սկսել է հոգեբանական ճնշում գործադրել իր վրա։
«Տնօրենի տղան բարձրանում էր իմ աշխատասենյակի մոտ և սկսում բարձր խոսել, ասել, թե գործ տվող եմ։ Ես պատերազմի վետերան եմ, թուրքերը մականունս դրել են «Շեյթան», իմ աշակերտները պլակատ էին սարքել ու գրել՝ «Շեյթանն իմ ուսուցիչն է»։ Նպատակը մեկն էր ՝ ինձ հունից հանել, ես չտրվեցի սադրանքին և դիմեցի տնօրենին, ասացի, որ կարգի հրավիրի իր տղային ու ստացա պատասխան, որ ինքը մեր աշխատողն է և որտեղ ուզի, ինչ ուզի կխոսի»։
Պատմությունը շարունակվել է մինչև վերջերս։ Նոյեմբերի 9-ին Ազիզյանն իրենց տան բանկում հանդիպել է տնօրենի որդուն՝ Նարեկ Խաչատրյանին, ով բջջային հեռախոսով հարվածել է նրա դեմքին և սկսել հայհոյանքներ հնչեցնել․ «Տեսախցիկները կան, նկարել են, ես դիմել եմ ոստիկանություն»։
Մեզ փոխանցված կադրերում երևում է Ազիզյանի և Խաչատրյանի ծեծկռտուքից մի հատված։
«Նոյեմբերի 10-ին ուսմասվարին տեղյակ եմ պահել, որ պետք է գնամ դատաբժշկական հետազոտության։ Դպրոցից դուրս եմ եկել և ետ վերադարձել դպրոց՝ դասի։ Հաջորդ օրն ինձ շատ վատ եմ զգացել, դասի չեմ գնացել՝ դեմքս ամբողջությամբ ուռել էր, աչքերս փակված էին ։ Օրեր անց ստացա գրություն, որ աշխատանքի չներկայանալու պատճառով ինձ հեռացրել են դպրոցից։ Ես բացակայել եմ մեկ օր և բացատրություն եմ տվել, թե ինչու չեմ եկել դպրոց՝ դիմումում գրելով, որ աշխատանքի չներկայանալուս պատճառը տնօրենի տղայի կողմից ծեծի ենթարկվելն է եղել և պահանջել եմ գրանցամատյանում ներառել իմ բացատրությունը, որը չի արվել»։
Ազիզյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դպրոցի բոլոր ուսուցիչներն էլ տեղյակ են, թե ինչ անօրինական գործունեություն է ծավայել։
«Դուրս են գրվել խմբակների ժամեր, սակայն դրանք չեն անցկացվել, իսկ այդ գումարները նա դրել է սեփական գրպանը, ժամաքանակներ են ավելացել, սակայն դրանք չեն տրվել ուսուցիչներին։ Բոլորն էլ գիտեն այս մասին։ Նախկին ուսուցիչները դիմել են նաև հակակոռուպցիոն կոմիտե և հայտնել չարաշահումների մասին, սակայն չգիտեմ ինչու՝ գործը կարճվել է։ Նախկնում տեսախցիկների ձայնագրություն կար, սակայն տնօրենը հիմա հանել է այդ տեսախցիկները, որպեսզի կարողանա հանգիստ կատարել իր ապօրինությունները։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետի հետ, ով մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 9-ին Տիգրան Ազիզյանի կողմից հաղորդում է ստացվել, իսկ կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախքննական մարմին և նախաձեռնվել է քրեական վարույթ։
Փորձեցինք մանրամասներ ճշտել նաև ՀՀ Քննչական կոմիտեից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Մենք խոսեցինք նաև Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել և ո՞րն է ուսուցիչի հետ առաջացած խնդիրների պատճառը։
Տիկին Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն երկար ժամանակ է Տիգրան Ազիզյանը դպրոցում ստեղծել է լարված մթնոլորտ։
«Հավատացեք՝ մենք երկար ենք հանդուրժել Ազիզյանի կողմից դպրոցում ստեղծված անհարմարությունները։ Նա խանգարում էր դպրոցի անդորրը, ստեղծում էր արհեստական աղմուկ և խաթարում դասերի բնականոն ընթացքը»։
Մեր հարցին, թե ինչո՞ւ չի գործել ուսուցիչների համար նախատեսված սանհանգույցը, Սարգսյանն ասաց․
«Իսկ ո՞վ է ասել, որ չի գործել։ Դեռ 4 տարի առաջ ենք Արո Սուիքասյանի օգնությամբ մենք նորոգել ենք 9 սանհանգույց, որոնք այսօր էլ գտնվում են շատ լավ վիճակում։ Իհարկե, երբեմն լինում են, որ մեկը չի գործում՝ կապված տեխնիկական խնդիրների հետ։ Գիտեք՝ երեխաները չարաճճի են, երբեմն փչացնում են գույքը, բայց դա արագ վերականգնվում է։ Մեկ անգամ մեր ուսուցիչներից մեկն Ազիզյանին ասաց, թե ինչպե՞ս Է պատկերացնում, որ դպրոցում տղամարդ ուսւցիչների համար լինի առանձին սանհանգույց, որին նա շատ բացասաբար արձագանքեց»։
Խոսելով երեխաների և ուսուցչի միջև տեղի ուեցած տհաճ միջադեպի մասին, դպրոցի տնօրենը նշեց, որ երեխաներն ասել են, որ Ազիզյանը մայր է հայհոյել և ապտակել իրենց։
Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր տղայի՝ Նարեկ Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքը, տիկին Սարգսյանն ասաց․«Եթե այդպես է ինչու՞ ոստիկանությունում, շտապօգնությունում չի արձանագրվել միաջդեպը, ինչպե՞ս է պատահել, որ նա հաջորդ օրը եկել է աշխատանքի»։
Մարիամ Սարգսյանի պնդմամբ Տիգրան Ազիզյանը ծեծկռտուքի մասին հաղորդում ներկայացրել է միջադեպից 20 օր անց։
Ընդգծենք, որ ՀՀ Ոստիկանության տվյալներով՝ Ազիզյանը հենց միջադեպի օրն է ահազանգել իրենց։