Հունգարիայի վարչապետի շարֆը սկանդալի պատճառ է դարձել. Ռումինիայի ԱԳՆ-ն արձագանքել է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկանդալի մեջ է հայտնվել՝ ներկայանալով «Մեծ Հունգարիայի» պատկերով շարֆով, որը «ընդգրկել է» Ուկրաինայի մի մասն ու Ռումինիան։ Պաշտոնական Բուխարեստն արդեն արձագանքել է և «անընդունելի» է անվանել կառավարության ղեկավարի այս պահվածքը։

Օրբանը երկրպագուների շարֆ է կրել՝ հանդիպելու ֆուտբոլիստ Բալաշ Ջուջակի հետ, որը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, գրում է obozrevatel.com-ը:

Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հանդիպումից կադրերով։ Օրբանի շարֆը գրավել է գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դանիել Ֆրեյնդի ուշադրությունը։

«Հունգարիայի վարչապետը շարֆ է կրում Մեծ Հունգարիայի քարտեզով. որքան «հուսադրող է» Հունգարիայի հարևանների համար»,- գրել է նա։

Ռումինիայի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է վարչապետի արածին։ ԱԳՆ-ն Բուխարեստում Հունգարիայի դեսպանին Օրբանի քայլի կապակցությամբ  «խիստ դժգոհություն» է փոխանցել: Նրանք նշել են, որ «նման ժեստն ակնհայտորեն հակասում է բաց մթնոլորտին և երկկողմ երկխոսության վերսկսմանը վերջին խորհրդակցությունների կապակցությամբ, որոնք Ռումինիայի արտգործնախարարը Բուդապեշտում անցկացրել է ինչպես իր հունգարացի գործընկերոջ, այնպես էլ Հունգարիայի վարչապետի հետ»։

Նշենք, որ «Մեծ Հունգարիա» տերմինը վերաբերում է այն հողերին, որոնք Հունգարիայի Թագավորության մաս էին կազմում։ Երկիրը կորցրել է այդ տարածքները 1920 թվականի հունիսի 4-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների և պարտված Հունգարիայի միջև կնքված Տրիանոնի պայմանագրով։

Քաղաքականություն

Պատահարներ