BBC-ին մեղադրում են ադրբեջանական բռնապետությունը «սպիտակեցնելու» մեջ

«Ադրբեջանի հրաշքները» ֆիլմի հեռարձակումից հետո BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությունը «սպիտակեցնելու» մեջ։ Նշվում է, որ ֆիլմը նկարահանվել է երկրում իշխող ընտանիքի աջակցությամբ՝ բրիտանական նավթագազային British Petroleum հսկայի կողմից, փոխանցում է Baghramyan26-ը։ 

 

BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ BP-ի հովանավորած «Ադրբեջանի հրաշքները» ֆիլմում նրանք կիմանան, թե «ինչպես է Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ տվել ծաղկեցնել մայրաքաղաք Բաքուն» և «վաստակել իր համբավը որպես Արևելքի Փարիզ»:

 

BP-ն 300,000 (1 Ֆունտ ստերլինգ = 469,42 ՀՀ դրամ) ֆունտ է ծախսել ֆիլմի վրա, որը ստեղծվել է բրիտանական SandStone Global ընկերության կողմից՝ հիմնադրամի և մեդիա կենտրոնի աջակցությամբ, որը ղեկավարում են Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքի անդամները: 

 

Ֆիլմը անուղղակիորեն առաջ է քաշում Ադրբեջանի հավակնությունը Շուշիի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում գտնվող քաղաք, որն Ադրբեջանը հայերից խլել է 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

 

BBC World News-ը երկու մասից բաղկացած հաղորդումը հեռարձակեց Մեծ Բրիտանիայից դուրս իր հեռուստադիտողների համար դեռ օգոստոսին, նույն շաբաթ, երբ բրիտանացի հեռուստադիտողները դիտեցին BBC-ի լայնածավալ լուսաբանումը էներգետիկ ճգնաժամի և կենցաղային վառելիքի թանկացման մասին:

Ֆիմի երկու դրվագներից յուրաքանչյուրը օգոստոսի վերջին հեռարձակվել է հինգ անգամ ամբողջ աշխարհում, բայց չի հեռարձակվել Մեծ Բրիտանիայում:

 

SandStone Global-ի խոսնակը openDemocracy-ին ասել է, որ իրենց համար ստանդարտ պրակտիկա է աջակցություն ստանալ տեղական կազմակերպություններից: Բաքվի Մեդիա Կենտրոնը նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել SandStone-ին, իսկ Հեյդար Ալիևի Հիմնադրամն օգնել է բրիտանական ընկերությանը ստանալ նկարահանման թույլտվություններ և մուտք գործել եզակի ժառանգության վայրեր:

 

Բաքվի Մեդիա կենտրոնը ղեկավարում է Իլհամ Ալիևի կրտսեր դուստրը՝ Արզու Ալիևան։ BP-ն աջակցել է ծրագրին Հեյդար Ալիևի Հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը նախագահում է Իլհամի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ով նաև երկրի փոխնախագահն է։

 

Հեյդար Ալիևի Հիմնադրամին հանձնարարվել է առաջ մղել Ադրբեջանի իմիջն արտերկրում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցում կառավարության դիրքորոշման քարոզչությամբ: Սակայն կառավարության քննադատներն ասում են, որ աշխատանքը նպատակ ունի շեղել ուշադրությունը այլախոհության դեմ ռեժիմի անողոք ճնշումից և համակարգային կոռուպցիայից:

 

Հեյդար Ալիևի Հիմնադրամը չի պատասխանել նմանօրինակ մեկնաբանություններին։

 

Հիշեցնենք՝ «Ադրբեջանի հրաշքները» ֆիլմը, որը չի անդրադարձել ոչ Լեռնային Ղարաբաղի պատմությանը, ոչ էլ Շուշիի հետ Հայաստանի կապին, հեռարձակվել է օգոստոսի վերջին շաբաթում։ 

 

 

Քաղաքականություն