
Բոլոր կողմերը շուտով ականատես կլինեն Թուրքիայի քայլերին․ Էրդողան

Անկարան կարող է չսահմանափակվել միայն Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դիրքերին ավիահարվածներով, այլ նրանց դեմ ցամաքային գործողություն սկսելով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին գրում է Интерфакс-ը:
«Ոչ մի երաշխիք չի կարող լինել, որ այս գործողությունը կլինի բացառապես օդային»,- ասել է Էրդողանը:
Ըստ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիան ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին չի տեղեկացնում Սիրիայում և Իրաքում թիրախներին ռազմական հարվածներ հասցնելու իր ծրագրերի մասին, և Անկարան ապագայում կշարունակի հետևել այս մոտեցմանը։
Նա ընդգծել է, որ «Թուրքիան ինքն է որոշում, թե ինչ քայլեր ձեռնարկի»։
«Բոլոր կողմերը շուտով ականատես կլինեն Թուրքիայի նոր կարևոր քայլերին»,- ասել է Էրդողանը։
Այսօր արդեն հայտնել էինք, որ Թուրքական բանակի կործանիչները հարված են հասցրել Սիրիայի Ալ-Հասեկում գտնվող ամերիկյան զորքերի շտաբի ուղղությամբ։ Այս մասին նոյեմբերի 21-ին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով:
Նշվում է, որ հարձակման ենթարկված ամերիկյան ուժերը պատասխանատու են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինվորների պատրաստման համար։ Պաշտոնական հաստատում կամ մեկնաբանություն դեռևս չկա: