ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանայք այնպիսի ներգրավվածություն պետք է ունենան, որ տղամարդիկ գոնե մի քիչ ձգված լինեն բանակում․ Քոչարյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը բանակում կանանց դերի բարձրացման խնդիր է դրել։ Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 

«Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ասաց, որ էականորեն աճել են պաշտպանական գերատեսչության հատկացումները: Եվ դա բնական է. պատերազմից հետո հենց պաշտպանական գերատեսչությունը պետք է նոր ձևակերպումներ տար և նոր մոտեցումներ ցուցաբերեր բանակի վիճակին, բանակի կրթությանը, սպառազինությանը և դրանից բխող ծախսային մասին»,- ասաց Քոչարյանը։

 

Նա հավելեց, որ պաշտպանության նախարարությունը զինված ուժերում կանանց դերի բարձրացման առաջնորդության խնդիր է դրել. «Եվ շուտով 2023 թվականին կզարմանաք, տեսնելով կանանց ներգրավվածությունը բանակում: Դա գրավիչ կլինի մյուս բոլոր պետական կառույցների համար ևս։ Դա շատ կարևոր է. կանայք այնպիսի ներգրավվածություն պետք է ունենան, որ տղամարդիկ գոնե մի քիչ ձգված լինեն բանակում»,- ասաց Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ բանակում բոլոր ոլորտներում փոփոխություններ են լինելու՝ սկսած համազգեստից, վերջացրած սպառազինությունից։

 

«Իսկ փոփոխության ամենակարևոր բաղադրիչը լինելու է կրթությունը»,- ասաց Քոչարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ