ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խերսոնում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը

 Խերսոնի շրջանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո տեղի է ունեցել դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյին։

 

Sky News-ի լրագրողները հայտնում են, որ Զելենսկու ժամանումից մի քանի րոպե առաջ Խերսոնի կենտրոնում գնդակոծություններ են հնչել։ Զելենսկու ելույթն ավարտելուց հետո հրետանու ևս մի քանի պայթյուն է եղել։ Ականատեսները պատմել են, որ մեկնելուց առաջ Զելենսկին Խերսոնում անցկացրել է մոտ 30 րոպե։

Ուկրաինացիները հավաքվել են գլխավոր հրապարակում՝ նախագահին տեսնելու, ոմանք ծածանել են ազգային դրոշը, մյուսները՝ այն իրենց ուսերին են կրել։

«Ես շատ ուրախ եմ։ Այդ ուրախությունը երևում է նաև մարդկանց արձագանքից, նրանց արձագանքը բեմականացված չէ: Ժողովուրդը սպասում էր ուկրաինական բանակին, մեր զինվորներին, բոլորիս»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ իր համար կարևոր է այցելել քաղաք և ցույց տալ, որ «իրենք իսկապես վերադառնում են, իրենք իսկապես բարձրացնում են մեր դրոշը»։

Հիշեցնենք, որ այսօր Զելենսկին առաջին անգամ է այցելել Խերսոն քաղաք ռուսական զորքերի հետքաշումից հետո։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին և մյուս դաշնակիցներին Ռուսաստանի դեմ պատերազմում ցուցաբերած աջակցության համար։

Նշենք, որ Խերսոնը ռուսական զորքերի վերահսկողության տակ է 2022 թվականի մարտի 2-ից։

Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին վերահսկողություն են հաստատել Խերսոնի շրջանի 60 բնակավայրերում։

Քաղաքականություն