Ես կարող եմ ասել, թե ինչ է եղել. Բայդենը՝ Փելոսիի տան վրա հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակումը համեմատել է Կապիտոլիումի գրոհի հետ և մեղադրել իր քաղաքական հակառակորդներին «անհավասաակշիռ» մարդկանց համար վնասակար գաղափարներ քարոզելու մեջ։ 

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին ելույթ ունենալով դեմոկրատական ​​կուսակցության անդամների հետ՝ Բայդենը ասել է, որ ինքը տեղի ունեցածը վերլուծում է միայն լրատվամիջոցների հաղորդումներից և չի կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը: 

«Այս տղան օգտագործեց նույն վանկարկումները, որոնք կիրառվել էին հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ: Ես դա չեմ հորինում, դա լրատվամիջոցներն էին ասում: Ես դա չեմ կարող երաշխավորել: Ես կարող եմ ասել, թե ինչ է եղել: Նա բղավեց. «Որտե՞ղ է Նենսին», – ասել է Բայդենը: 

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք կողմնակիցներ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա գրոհելու ժամանակ այնտեղ փնտրում էին Նենսի Փելոսիին՝ կանխելու Բայդենի հաղթանակի խորհրդարանական հաստատումը։ CNN-ը հայտնել է, որ տղամարդը, ով Սան Ֆրանցիսկոյում ներխուժել է խոսնակի տուն և մուրճով հարվածել ամուսնուն, նույնպես հանդիպում է փնտրել նրա հետ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա դավադրության տարբեր տեսությունների կողմնակից էր, այդ թվում՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու։ 

Հարձակման հետևանքով Փոլ Փելոսին ստացել է գանգուղեղի կոտրվածք և երկու ձեռքերի լուրջ վնասվածքներ։ Նա վիրահատվել է և ապաքինվում է։ Հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել և նույնպես գտնվում է հիվանդանոցում։ Ինքը՝ խոսնակը, միջադեպի ժամանակ եղել է Վաշինգտոնում և չի տուժել։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ