ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհը քարուքանդ վիճակում է, մարդկանց մեքենաներն էլ` վնասված. ահազանգ
Քաղաքացիներն Auroranews-ին ուղարկել են տեսանյութ Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքից դեպի Զորավան գնացող ճանապարհից: Տեղեկացնենք, որ սա հանրապետական նշանակության ճանապարհ է: Տեսակադրերում երևում է ճանապարհի անբարեկարգ վիճակը: Քաղաքացիները նշում են` այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ վթարն է տեղի ունենում այս ճանապարհին, վնասվում են մեքենաները, մարդիկ ֆինանսապես տուժում են:
Քաղաքացիներն ահազանգում են` ճանապարհը քարուքանդ վիճակում է, մարդկանց մեքենաներն էլ` վնասված: Տեղեկացնենք, որ բազմաթիվ են ահազանգերն այն մասին, որ Երևան-Եղվարդ ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում:
Auroranews-ը կապ հաստատեց Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ` հասկանալու համար` ինչպես են պատրաստվում լուծում տալ հարցին:
Մեզ տեղեկացրին, որ հայտարարվել է Հ-4, Երևան - Եղվարդ - Արագյուղ - Հարթավան - /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ15+600 (15.6կմ) հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Նշենք, որ մրցույթը հայտարարված է մինչև նոյեմբերի 18-ը: Ստացվում է, որ նման ծայրահեղ վատ վիճակում գտնվող ճանապարհը այս տարի դժվար թե վերանորոգվի, քանի որ մրցույթը հայտարարվել է գրեթե տարեվերջին, և քաղաքացիները դեռ երկար ժամանակ ստիպված կլինեն վնասել իրենց մեքենաները, մի կերպ խուսափել վթարից և երթևեկել այս անմխիթար վիճակում գտնվող ճանապարհով: