Հասարակություն

Բեռնատարները կուտակվել են Լարսում. Ղրիմի կամրջի պայթյունից հետո վերահսկողությունը մեծացել է․ «Հետք»

Բեռնատարները կուտակվել են Լարսում. Ղրիմի կամրջի պայթյունից հետո վերահսկողությունը մեծացել է․ «Հետք»

Բեռնափոխադրող «Սպիննակեր գրուպ» ընկերության բեռնատարները արդեն 12 օր է, ինչ փորձում են հատել Լարսի անցակետը Ռուսաստան հասնելու համար: Սովորաբար, երբ խնդիրներ չեն լինում, մեքենաները մինչև հինգ օրում հասնում են Ռուսաստան, սակայն մոտ երեք շաբաթ է՝ Լարսում կուտակումներ են: 

«Յուրաքանչյուր բեռնատար ստուգում են՝ ռենտգեն են անում: Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է:  Եթե նախկինում մեկ ընկերության մեքենաների մի մասն էին ստուգում ամբողջությամբ, ապա՝ հիմա բոլորը: Այստեղից էլ առաջացել են այս հերթերը: Մեր տեղեկություններով՝ դա ռուսական կողմի պահանջն է: Նաև տեղեկություններ են շրջանառվում, որ հայկական որոշ բեռնատարների դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Դա էլ իր հերթին է առիթ հանդիսացել, որ ստուգեն բոլոր մեքենաները»,- «Հետք»-ի հետ զրույցում նշել է ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը:  

Այս օրերին հատկապես գյուղմթերք և ձուկ տեղափոխող բեռնափոխադրողներն են անհանգստացած: Նրանց մի մասը մեքենաները հետ է բերում Հայաստան, որպեսզի ապրանքը չփչանա: Թարմ ձուկը, օրինակ, հետ է բերվում և սառեցվում: Որոշներն էլ չեն հասցնում ժամանակին տեղ հասցնել, և բեռնատարները հետ են գալիս Հայաստան արդեն փչացած ապրանքով: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են Լարսի կուտակումների մասին, սակայն, համարում են, որ իրենք այս պահին ոչինչ անել չեն կարող:

 

«Խնդիրը պայմանավորված է նրանով, որ ռուսական կողմը շատ խստացրել է անցակետերում հսկողությունը: Այդ իսկ պատճառով նման մեծ խցանումներ են: Բայց խնդիրը մեր նախարարության իրավասության շրջանակներից դուրս է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

 

Ըստ նրա՝ թողունակությունը խիստ նվազել է, և մեքենաների հոսքը շատ դանդաղ է առաջ շարժվում: Հարցին՝ նախարարությունը ի՞նչ ելք կամ տարբերակներ է տեսնում այս խնդիրը լուծելու համար, խոսնակը կրկին պատասխանեց, որ այս պահին դրությամբ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250