
Իրանը «ջախջախիչ պատասխան կտա» Շահ Չերախ դամբարանի վրա ահաբեկչության հեղինակներին. «ԻՊ»

Իրանի անվտանգության ուժերը «ջախջախիչ պատասխան» կտան նրանց, ովքեր հարձակում են կազմակերպել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում գտնվող Շահ Չերախ դամբարանի վրա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
«Դա հաստատ անպատասխան չի մնալու, անվտանգության ուժերն ու իրավապահ մարմինները, բացահայտելով հանցագործությունը, ջախջախիչ պատասխան են տալու դրա կազմակերպիչներին ու կատարողներին», – նշվում է Ռաիսիի ուղերձում:
Հիշեցնենք, որ Իրանի Շիրազ քաղաքում զինված հանցագործները կրակ են բացել Շահ Չերախի դամբարանի մոտ, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել, հայտնում է տեղական Fars գործակալությունը։
Հաղորդվում է, որ երեք զինված անձինք կրակ են բացել դամբարանի հարակից տարածքում։ Նրանցից երկուսը բերման են ենթարկվել։ Գործողություններ են ընթանում երրորդ անձին ձերբակալելու ուղղությամբ։
«Շահ-Չերախի դամբարանի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի»,- ասվում է IRIB գործակալության հաղորդագրության մեջ։
Իրանական լրատվամիջոցները հարձակումն ահաբեկչություն են որակում։