«Շնորհավորում եմ, մարո՛լ»․ Մեդվեդևը ծաղրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին, Իլոն Մասկն էլ անդրադարձել նրա գրառմանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հրաժարականից հետո երկրի խորհրդարանի շենքին պրոյեկտորի միջոցով ցուցադրվել է Թրասի սանրվածքին շատ նման կեղծամով մարոլի պատկերը:
Daily Star- ը մանրամասնում է՝ մինչ վարչապետի գլխավերևում օրեր շարունակ «քաղաքական սև ամպեր» էին կուտակվում և քննարկվում էր նրա պաշտոնաթողության հավանականությունը, բրիտանացի բուքմեյքերներն ուշագրավ արշավ էին սկսել՝ փորձելով կռահել՝ մարոլի կա՞պն ավելի շուտ կթոռոմի, թե՞ Թրասն ավելի շուտ հրաժարական կտա: Նշենք, որ մարոլի միջին պահպանման ժամկետը 35 օր է։
Արդյունքում Թրասը, երեկ հայտարարելով հրաժարականի մասին, «պարտվել է»: Այս կապակցությամբ խորհրդարանի շենքին ցուցադրվել է «հաղթող մարոլի» պատկերը:
Այս համատեքստում էլ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ծաղրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականը, գրում է Russia Today-ը։
«Ցտեսություն, Լիզ Թրաս, շնորհավորում եմ, մարո՛լ»,- գրել է Մեդվեդևը։
Բիզնեսմեն, միլիարդատեր Իլոն Մասկը, իր հերթին, մեկնաբանել է Մեդվեդևի գրառումը Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին։
«Անկեղծ ասած, շատ լավ թրոլինգ է»,- գրել է նա Twitter-ում: