
«Ապագա կա՛» թեզը նշանակում էր՝ ապագա կա թուրքի համար․ Աղավնոյի գյուղապետ

Այստեղից ոչ մեկը չի ուզում դուրս գալ, պայքարողը հիմա էլ է պայքարում և պայքարելու է, բայց դիմադրությունը պետք է լինի պետական մակարդակով։ Մեր ունեցած ռեսուրսներով չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք դիմադրել։ Պետք է հասկանանք՝ պատրա՞ստ ենք ազգովի ոտքի կանգնել։ Իրատեսական պետք է լինել՝ միջոցներ չունենք, ցավոք, ներկա դրությամբ․ համահայկական մոբիլիզացիա էր պետք ապահովել դեռ երկու տարի առաջ, երբ Արցախը սկսեցին հանձնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։
«Եթե միջոցներ ունենանք, հեշտ կլինի դիմադրելը․ նրանք (նկատի ունի թշնամուն,-խմբ․) մեզանից ուժեղ չեն իրենց կամքով։ Նիկոլ Փաշինյանը լուծարել է բանակը, ասում է՝ ձեր հարցը դուք լուծեք։ Լաչինի միջանցքը կամ Աղավնոն պահելը միայն արցախցու խնդիրը չի։ Ազգովի պետք է պայքար սկսեինք Արցախը հանձնելու դեմ առնվազն երկու տարի առաջ։ Հիմա գալիս են Աղավնո շատ մարդիկ, որոնց մի մասն, իրոք, սրտացավ են, ջիգյարով։ Որոշներն էլ փիառվելու համար են գալիս, ես էլ ասում եմ՝ տղե՛րք, ուշ է արդեն, երկու տարի ռեստորաններում էիք, մինչդեռ պետք է պայքարեիք, որ այս վիճակում չհայտնվեինք»,-ասում է Աղավնոյի գյուղապետը։
Ներկա փուլում, բացառապես Արցախի առկա ռեսուրսներով պայքարելն ու հաջողության հասնելը Չավուշյանը անիրատեսական է համարում։ Ասում է՝ մանրամաասներ չի կարող ներկայացնել, բայց Եղցահողի ուղղությամբ օրեր առաջ իրականացրած ագրեսիայով թշնամին մեսիջներ է հղել․ ընտրություններին ընդառաջ՝ Էրդողանը խնդիր ունի լուծելու և մինչև ամսի 25-ն Աղավնոն ազատելու պահանջն էլ այդ տրամաբանության մեջ է։
«Ներկա փուլում, ճիշտն ասած, ես շատ հույսեր չունեմ, որ կստացվի փոխել իրավիճակը, բայց դա չի նշանակում, թե պետք է դադարենք պայքարել։ Բնակիչները ջղայնացած են ու հասկանալի է, որ չեն ուզում իրենց տներից դուրս գալ։ Հետ ենք գնալու․ ես վստահ եմ, դրա համար անգամ ծառ չեմ կտրում, բայց ազգովի պայքարելու դեպքում է լինելու դա հնարավոր։ Ներկա վիճակի պատճառն այն է, որ ժողովուրդը համակերպվել է՝ մենակ թողնելով Արցախը։ Ասեմ, որ Արցախից հետո Սյունիքն է հարվածի տակ և, կրկնում եմ, աղետի դեմն առնել հնարավոր կլինի ազգովի ոտքի կանգնելու դեպքում»։
Չավուշյանի արձանագրմամբ՝ տները վառելու դեպքում՝ երկակի ստանդարտներ կիրառող միջազգային հանրությունը կշարունակի չտեսնելու տալ իրենց հողում ապրելու իրավունքի համար պայքարող և զոհվող հայերին և թշնամու ջանքերով՝ հայից եղածը փչացնող կերպար կկերտվի։
«Բացի այդ, եթե մենք ոչնչացնենք մեր ունեցածը, կնշանակի՝ համակերպվում ենք անվերադարձ կորցնելու մտքի հետ։ Հանձնվել, համակերպվել ու պայքարից հրաժարվել չի կարելի»,-ասում է Աղավնոյի գյուղապետն ու ընդգծում՝ «ապագա կա՛» թեզն նշանակում էր՝ ապագա կա թուրքի համար, որը, ցավոք, ճիշտ չէր հասկացել հայ հասարակությունը։ Չավուշյանը կրկնում է՝ ազգակործան թեզին ու այն առաջ տանողների դեմ պայքարելու համար համահայկական մոբիլիզացիա է պետք ապահովել։