ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են կադրեր՝ ցուցարարների կողմից Շրի Լանկայի վարչապետի հրդեհված տնից
Ինչպես արդեն հայտնել էինք Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են երկրի վարչապետի առանձնատունը։ Համացանցում կադրեր են հրապարակվել հրկիզված տնից։
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։ Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել են, ըստ լրատվամիջոցների` նա ինքնաթիռով հեռացել է երկրից։
Բացի այդ, ըստ տեղական ԶԼՄ-ների, Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեի տունը հրկիզելու մեջ:
Երկրի կուսակցությունների առաջնորդները արտահերթ նիստում նախագահին և վարչապետին կոչ են արել հրաժարական տալ, ժամանակավոր նախագահ նշանակել խորհրդարանի խոսնակին, 30 օրվա ընթացքում խորհրդարանի անդամներից ընտրել պետության նոր ղեկավարին, ինչպես նաև նշանակել ժամանակավոր համակուսակցական կառավարություն և արտահերթ ընտրություններ անցկացնել:
Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ նախագահը հրաժարական կտա հուլիսի 13-ին, իսկ վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն համաձայնել է հրաժարական տալ։ Ավելի ուշ վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ վարչապետը հրաժարական կտա երկրի բոլոր կուսակցություններից բաղկացած նոր կառավարության և խորհրդարանում մեծամասնության ձևավորումից հետո։
Շրի Լանկան այժմ տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է. երկրում պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի և գազի պակաս կա։ Կորոնավիրուսը հարվածել է զբոսաշրջությանը, որն արտարժույթի առանցքային աղբյուրն է, ինչի հետևանքով իշխանությունները չեն կարողանում բավարար վառելիք գնել: Պետության արտաքին պարտքը գնահատվում է 51 մլրդ դոլար։