Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանական վերջին կրակոցների հետեւում կանգնած է Թուրքիան. Սարգսյան

Ակնհայտ է, որ սա շանտաժ է և ճնշում, քանի որ ինչ -որ բանի շուրջ պայմանավորվածության չեն կարողանում գալ։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցներին։

 

Նրա խոսքով՝ այս կրակոցները միայն ՀՀ-ի դեմ չեն, ակնհայտ է, որ սրանք ՌԴ-ի դեմ են ուղղված, և օգտվելով ՌԴ-ի համար դժվար և զբաղված լինելու հանգամանքից, Ադրբեջանը փորձում է շահեկան դիրքեր ունենալ բոլոր հնարավոր ուղղություններով։

 

«Վստահ եմ, որ այս կրակոցների հետևում կանգնած է Թուրքիան, և վստահաբար միայն Ադրբեջանով ու ՀՀ-ով չեն սահմանափակվում այս զարգացումները, մեզ առնչվող թեմաները զարգացնում և վերջնական փակում են ՌԴ-ն ու Թուրքիան»,- ասել է Սարգսյանը։

 

Ըստ նրա՝ Թուրքիան բավական ինքնուրույն խաղ է սկսել, հատկապես վերջին զարգացումների ֆոնին։ «Խոսքը հատկապես Սկանդինավյան երկրների քաղաքականության մասին է դեպի ՆԱՏՕ ինտեգրվելու և այդ առումով Թուրքիայի թույլտվությունը, շատ լուրջ հակառուսական քայլ էր։ ՌԴ-ն միայն ՀՀ-ում ունի ռազմական ներկայություն Հարավային Կովկասում, ու եթե ՌԴ-ն դուրս է գալիս ՀՀ-ից, ապա նշանակում է դուրս է գալիս Հարավային Կովկասից, և տարածաշրջանը ամբողջությամբ փոխվում է ու աճում է Թուրքիայի ազդեցությունը»,- ասել է Սարգսյանը։

Քաղաքականություն