ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում անօրինական բնակվող օտարերկրացիների խումբ է հայտնաբերվել. նրանցից 33-ը հետախուզման մեջ են

 Հունիսի 26-ից հուլիսի 4-ը քրեական ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում և սահմանային անցակետերում անցկացվել է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված՝ «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը: Արդյունքում՝ հայտնաբերվել, ապա ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ յոթ երկրի 36 քաղաքացի։

Այդ փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

 

Ստուգայցերի արդյունքում պարզվել է նաև, որ առանց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերի, տևական ժամանակ Երևանում, Արմավիրում և Կոտայքում գործող գիշերային ակումբներում, գյուղմթերքի արտադրամասում և հասարակական սննդի օբյեկտում աշխատում են օտարերկրյա 18 քաղաքացի։ Այդ դեպքերով նույնպես կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

 

Միջոցառման ընթացքում բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու՝ 1, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 3 դեպք։

Հայտնաբերվել և առգրավվել են 7 գրամից ավելի կոկաին, 93 գրամից ավելի մեթամֆետամին և 5 գրամից ավելի մարիխուանա։

Հայտնաբերվել է նաև հետախուզման մեջ գտնվող 33 անձ։

Քաղաքականություն