ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ խնամքի տակ գտնվող շանը քնեցրել են․ քաղաքացու ահազանգին արձագանքել է նաև քաղաքապետարանը
Ինչպես արդեն հայտնել էինք՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից այսօր հայտարարեցին, որ Երևանում թափառող շների մասսայական քնեցման վերաբերյալ տեղեկությունները մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը:
Վերոնշյալ հայտարարության տարածումից հետո Auroranews ահազանգեց քաղաքացի Էլեոնորա Արարատյանը՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տարածած տեղեկատվությունը կեղծ է, քանի որ իր խնամքի տակ գնտվող շանը քնեցրել են։ Քաղաքացին հավելեց, որ շունը եղել է պատվաստված և ստերջացրած․ «Մեկ անգամ տեսանք, թե ինչպես են ուզում շունիկին տանել։ Ասացինք, որ այդ շունը խնամակալ ունի։ Պատմեցինք նաև, որ շունն ընկել է մեքենայի տակ ու մեր միջոցներով նրան վիրահատել ենք»։
Տիկին Արարատյանը նշեց, որ արդեն մի քանի օր է ահազանգում է քաղաքում կենդանիների սպանդի մասին։
Օգտատեր Վիգեն Սարգսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում կիսվելով Էլեոնորա Արարատյանի՝ շան վերաբերյալ հրապարակմամբ, գրել է․ «Մեծ, շատ մեծ կասկածներ կա, որ դուք ձեր գործը անում եք հանցավոր անպատասխանատու կերպով: Նախ, կասկածի հիմքը լեշմանիոզի տեստերի էժան, շատ ցածր ճշգրտությամբ, դեպքերի պատմությունն ա: Մյուսն էլ, որ դուք միշտ տանում եք ամենամարդամոտ շներին, դե որոնելու, բռնելու, ծախս անելու, գործ անելու կարիք չկա՝ գալիս եք ու բակից վերցնում: Բայց էն խնդրահարույց շներին, որոնց իրոք պետք ա ստերջացնել ու տեստ անել, որոնք ռեալ ագրեսիվ են, որոնց մոտիկանալն ա արդեն իսկ դժվար գործ՝ չեք էլ փորձում, բա հո՞ չեք վազելու բռնեք, տանջվեք, ծախս անեք: Գլխաքանակ կրճատե՞լն ա` հենա, բակերից կհավաքեք ամենահեշտ տարբերակով:
Քիչմը մարդ եղեք, դրսի նման գոնե, վերցնելուց հետո մի քանի օր հնարավորություն տվեք մարդկանց, ովքեր կցանկանան որդեգրեն, կամ եթե իրոք կասկած կա հիվանդության՝ կրկնակի թեստ դնելու, համոզվելու: Ինչի՞ց եք վախենում, դա հենց ձեզ ա ձեռք տալիս: Եթե ճիշտ եք, ապա կրկնակի թեստ դնելուց ձեր վրա էլ ոչ մի կասկած չի լինի:
Բայց եթե լավ գիտեք, որ հենց այդ թեստերը աղբ են, 50/50 ճշտությամբ են, ու պատահական սկզբունքով եք տանում ամենամարդամոտ, ամենահեշտ բռնվող շներին ու առանց գեթ մի հնրավորություն տալու փրկվելու՝ քնեցնում, ապա արդար կլինի, որ դուք էլ օրական մեկդ, պատահական սկզբունքով քնեք` անուշ, մուշմուշ, հուր-հավիտյան: Ես չարացած չեմ, ես մարդատյաց չեմ, ուղղակի արդարություն եմ ուզում: Հետ վերադարձրեք էս շանը, մենք կրկնակի, եռակի թեստ դնենք՝ համոզվենք»:
Էլեոնորան կասկածում է, որ շներին նորմալ չեն թեստավորում և ստուգման արդյուքները սխալ են։
Ուսումնասիրելով սոցիալական ցանցերում կատարված հրապարակումները՝ նկատեցինք, որ կենդանասերներից մեկն էլ հայտնել է, թե Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը տարել է շանը, հետո զանգել են ճշտելու, թե ինչի՞ համար են տարել, պատասխանել են՝ ստուգման համար։
«Ստուգումից հետո պարզվել ա իբր լեյշմանիա ունի։ Խնամակալները հասել են կլինիկա, ներս չեն թողել եւ հրաժարվել են որեւէ պարզաբանում կամ փաստաթուղթ տալուց։ Շունը ունի անձնագիր ,պատվաստումների եւ վճարովի ստերջացման, վիրահատության հետ կապված ամեն փաստաթուղթ։ Սրանք չափ ու սահմանը անցել են ու գլխաքանակ լրացնելու համար գալիս են տարածքի ամենախեղճ կենդանիներին վերցնում ու տանում քնեցնում»,-
գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Խաչատրյանը։
Մեկ այլ քաղաքացի էլ իր հրապարակմամբ հայտնել է, որ նկատել է, թե քաղաքապետարանի աշխատակիցներն ինչպես էին շների փնտրում։ Տեսակադրերում երևում է Երևանի քաղաքապետրանի «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի աշխատակից, դերասան Աշոտ Մելոյանը, ով աշխատանքի անցավ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում։
Տես՝ տեսանյութում․
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան՝ մեկնաբանություն ստանալու համար։
Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից մեզ ասացին, որ մասնագիտական ստուգումների արդյունքում է պարզվում՝ արդյոք շունն ունի հիվանդություն, թե ոչ։
«Մարդկային, բարոյական տեսանկյունից անգամ ոչ ոք՝ հատկապես մեր աշխատակիցները, չեն քնեցնի առողջ և հասարակության համար վտանգ չներկայացնող շանը։ Դա ռեսուրս է, որը ՀՈԱԿ-ն անտեղի չի ծախսի։ Ես բացառում եմ, որ մեր ՀՈԱԿ-ը կքնեցնի մի շան, որն առողջ է և խնդրահարույց չէ։ Դրանք ասեկոսեներ են ու վաղը քաղաքապետարանի լրատվության բաժիննառանձին կանդրադառնա այդ հարցին»,- ասացին լրատվության բաժնից։
Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ եղել է դեպք, երբ քաղաքացին վստահեցրել է, որ իր խնամքի տակ գտնվող շունը հիվանդություն չունի, սակայն ստուգման արդյուքում պարզվել է, որ շունը հիվանդ է։
«Ես բացառում եմ, որ մասնագիտորեն ոչ հիմնավորված միջամտություն կարող է լինել։ Այս ՀՈԱԿ-ում լավ մասնագետներ են աշխատում, որոնք երբեք չհիմնավորված մասնագիտական գործողություն չէին կատարի»,- ընդգծեցին քաղաքապետարանից։