
Կապանում ծանր ու թունավոր մետաղների կոնցենտրացիան գերազանցում է նորման հարյուրավոր անգամներ. Ինգա Զարաֆյան. Sputnik

Կապանում ծանր ու թունավոր մետաղների և տարբեր միացությունների կոնցենտրացիան գերազանցում է սահմանային թույլատրելի նորման ոչ թե 2 կամ 3 անգամ, այլ հարյուրավոր անգամներ։ Սա նշանակում է բնապահպանական կատաստրոֆիկ վիճակ։
Sputnik Արմենիա-ին ասել է բնապահպան Ինգա Զարաֆյանը։
«Այդ աղտոտվածությունը տարիներ շարունակ կա։ Եվ դրա դեմ որևէ միջոցառում, կանխելու միջոց չի իրականացվել, ինչքան էլ հասարակությունն ու տեղի բնակիչները բարձրաձայնում են։ Պատճառը պարզ է՝ ոչ մեկ չի ուզում պատասխանատվություն ստանձնել ու ծախս անել»,- ասաց Զարաֆյանը։
Բնապահպանի համոզմամբ՝ տեխնիկապես այս իրավիճակի կանխարգելումը լրիվ հնարավոր է, սակայն միջոցառումները թանկ արժեն, ու չկա որևէ մեկը, ով ցանկանում է այդ ծախսերն իր վրա վերցնել։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, Հայաստանում չկա ոչ մի պատասխանատվություն մարդկանց առողջության ու նրանց շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ, իսկ այս ամենը պարբերաբար ազդում է մարդկանց առողջության վրա։
Այս իրավիճակում, բնապահպանի խոսքով, խնդիրը ոչ թե այն է, որ օրեր առաջ Կապանում դեղնավուն ջրեր են եղել, այլ այն, որ այս իրավիճակը շարունակական բնույթ ունի ու որևէ կերպ չի լուծվում՝ ոչ օրենսդրական, ոչ ինստիտուտցիոնալ, ոչ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում որևէ մեկը չի կարողանում ազդել դրա վրա։ Եթե ահազանգերն էլ լինում են, Ընդերքի և շրջակա միջավայրի տեսչական մարմինը մի քանի հարյուր հազարի տուգանք է սահմանում ձեռնարկության նկատմամբ ու վերջ, ինչը կրկին որևէ ազդեցություն չի ունենում։
Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ Կապանի փողոցներում դեղնավուն ջրեր են հոսում, դրանք Կավարտի լքված հանքավայրից հոսած դեղնանարնջագույն ջրերն են։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում