
Կոմիտասում շենքերից մեկի արտաքին երեսապատման սալիկները պոկվում և թափվում են. 3 մեքենա է վնասվել

Արդեն 2 օր է, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 շենքի բնակիչները ահը սրտներին են շենքից ելք ու մուտք անում և նույն վիճակով էլ հյուրեր ընդունում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունիսի 7-ին, ժամը 20։50-ի սահմաններում նշված շենքի 13-րդ և 14-րդ հարկերի միջակայք արտաքին երեսապատման սալիկները պոկվել և թափվել են։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին նշված վայրով քաղաքացներ չեն անցել։ Վնասվել են շենքի մոտ կայանված 2 Toyota Camry և Nissan Rogue մակնիշի ավտոմեքենաները։
Ժամանել են փրկարարներ, ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կառուցապատողը Երևանում հայտնի ինչ-որ «Սիլոտ Վարդան» է, ով շենքի կառուցումը վերջնական ավարտին չի հասցրել, կարողացել է վարպետորեն խաբել բնակիչներին, անունը դրել է, թե «5 աստղանի շենք է կառուցել», բայց այդ ամենը հեքիաթ է.
«Եթե քաղաքակիրթ երկրում ապրեինք, ապա «Սիլոտ Վարդանը» կլիներ ճաղավանդակներից այն կողմ, կհամտեսեր բանտի բալանդը։ Հիմա ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը բնակիչներիս անօգնական չեն թողնի, և կլուծվի նաև շենքի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ վտանգ ներկայացնող կախված սալիկների հեռացման հարցը, որովհետև ամեն պահի կա վտանգ, որ սալիկները կթափվեն, և եթե մի քանի անգամ այն թափվել է ու երջանիկ պատահականությամբ քաղաքացիներ չեն տուժել, բայց չկա երաշխիք, որ նոր թափվելու պատճառով մարդկային կորուստներ չեն լինի»։