
Այստեղ գործ ունենք դասական քաղքենիության հետ․ պատգամավորը հակադարձում է նախարարին․ ArmDaily

ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմել է ԱԺ՝ քննելու ընդդիմադիր պատգամավորների երեկվա վարքագիծը։ «Արդյոք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թո՞ւյլ է տալիս նման գործելաոճ, և արդյոք այն հարի՞ր է պատգամավորական մանդատին»,-նշված է նախարարության ՖԲ-ի էջում։
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը, չենթարկվելով ոստիկանների պահանջին, մուտք են գործել նախարարության շենք, մտել նիստերի դահլիճ, որտեղ նախարարը քննարկում էր անցկացնում։ Քրիստինե Վարդանյանը, զոհված տղաների նկարները նետելով Ավանեսյանի ուղղությամբ, ամոթանք է տվել նախարարին ոստիկաններին պաշտպանող հայտարարությունների համար. «Տիկին Ավանեսյան, դուք հերիք չի էսքանից հետո խոսում եք, դեռ մի հատ էլ ոստիկանությանը պաշտպանում եք: Ամոթ ունենար մարդը ձեր փոխարեն, չէր կարողանա աչքերը թարթել: Էս տղաների նկարները պետք է ամեն երեկո ձեր երազին գան: Ես չգիտեմ՝ դուք էսքանից հետո ոնց եք ապրում, ամոթ ձեզ»։ Միջադեպին ավելի ուշ արձագանքել էր Ավանեսյանը` նշելով, թե պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, և որ խուլիգանական դրսևորումները պետք է խստորեն պատժվեն։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով նախարարի գրառմանն, ասել է՝ տեղի ունեցածը տեսանկարահանվել է, մոնտաժված չէ, և հասարակությունն ինքը կարող է դատել, թե ինչ է եղել։
«Ես միայն մի նկատառում ունեմ՝ այս մարդիկ ոնց որ չեն գիտակցում կամ գիտակցում են և մանիպուլացնում են իրենց արածի հրեշավորությունը։ Իրենց արածի դիմաց այդ պատասխանը ոչ միայն շատ մեղմ էր, այլ համարժեք չէր, մոտ էլ չէր։ Իրենք աշխարհի ամենածանր մեղքերը գործել են, դրանց պատասխանատուներն են, մեղավորներն են ու չեն մեղանչել։ Իրենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացու լեգիտիմ իրավունք են տվել աշխարհի ամենասուր ակցիաներն իրենց դեմ իրականացնել»,-ասաց Վարդանյանը։
Ըստ պատգամավորի՝ իշխանության ներկայացուցիչները կատարելապես խուսափում են պատասխանատվությունից, հետևաբար հանրության պարտքն է ամեն կերպ խախտել նրանց կոմֆորտի գոտին։ Ինչ վերաբերում է քննարկումներին, թե,այդուհանդերձ, պատգամավորները կարող էին նախապես ժամ վերցնել հանդիպման համար , և նրանք ընդամենը շոու կազմակերպելու նպատակ են հետապնդել՝ Վարդանյանն ասաց՝ նախապես ժամ կպայմանավորվի և կգնա հանդիպման Հայաստանի շահը ներկայացնող իշխանության ներկայացուցիչների հետ։
«Հայկական շահերը չպաշտպանող, միայն նեղ խմբակային շահերը պաշտպանող խունտայի հետ ես որևէ բան չեմ պայմանավորվելու և չեմ գնալու կառուցողական քննարկման»,- ասել է «Դիմադրության շարժման» անդամը։
Անդրադառնալով նախարարի ուղղությամբ շպրտված լուսանկարների շուրջ քննադատությանը՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ իր հարգանքն ու խոնարհումն է հայտնում բոլոր հերոսներին ու նահատակներին, սակայն այդտեղ անարգանքի մասին խոսք անգամ լինել չի կարող։
«Այստեղ գործ ունենք դասական քաղքենիության հետ։ Տեղի է ունեցել անհավատալին։ Մարդիկ նահատակների աճյունները պահել են այն պայմաններում, որ պահել են, չեն կրել դրա համար պատասխանատվություն, դրանից հետո շարունակել են պաշտոնավարումը և շարունակում են նույն գիծը։ Եթե մենք հանկարծ, Աստված չանի, նորից պատերազմենք, իրենք նույն բանն են անելու»,-ասել է Քրիստինե Վարդանյանը։
Նա շեշտել է՝ եթե նույնիսկ այդ քննարկումներն իր դեմ են աշխատում, միևնույնն է՝ շարունակելու է հասարակությանն այդ մասին հիշեցնել, քանի որ դա իր պարտքն է համարում։