Խաղաղապահները Փառուխի գյուղացիներին չեն թույլատրում այնտեղ բնակվել՝ ելնելով անվտանգությունից
Ռուս խաղաղապահներն անցակետեր են տեղադրել Փառուխում, խաղաղապահները գյուղացիներին չեն թույլատրում այնտեղ բնակվել՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հայտնել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը՝ անդրադառնալով Արցախի Ասկերանի Փառուխ գյուղի շուրջ իրավիճակին։
«Բնակիչներին չի թույլատրվում մնալ Փառուխում, բայց իմ իմանալով գնում-գալիս են։ Գյուղի տարածքում միայն ռուսական խաղաղապահներն են, քանի որ 2020 թվականի եռակողմ հայտարարության համաձայն՝ Փառուխի հարևան Արմենակավան գյուղը հանձնվել էր ադրբեջանական կողմին, Փառուխում հնարավոր չէր դասեր կազմակերպել, աշակերտների քիչ էին, մի մասն էլ Արմենակավանից էին գնում դպրոց։ Այդ պատճառով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փառուխի դպրոցը չէր գործում, այնտեղ հիմնականում բնակվում էին գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիները», - նշել է Պետրոսյանը։
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնականն ասաց, որ ադրբեջանական դիրքերը շատ են մոտ Փառուխ գյուղին։ «Գուցե 500 մ կամ ավելի քիչ հեռավորության վրա են դիրքերը։ Գյուղի բնակչությունը հիմնականում բնակվում է բարեկամների, հարազատների տներում, կարծեմ՝ տեղահանվածներին պետության կողմից փոխհատուցում կա՝ կեցության պայմաններն ապահովելու համար», - եզրափակել է Անահիտ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը՝ առաջ գալով ու զբաղեցնելով ռազմավարական նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել, որպեսզի ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադառնան, սակայն վերջինները շարունակում են գյուղի մոտակայքում մնալ։






























