Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը․ Հայկ Մամիջանյան

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի  կոտրվածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան - Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»։ 

 

 

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները: