Պատրաստ չենք ընդունել ռուսական վերջնագրերը․ Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը։ Այս կարծիքը նա հայտնել է հինգշաբթի օրը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Գերմանիա կատարած այցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

 

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն պատրաստ չենք ընդունել ռուսական վերջնագրերը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը սրվի, «Կիևը պատասխան հարված կհասցնի»։ 

Միաժամանակ Կուլեբան պնդել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլ մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ «Իրական խնդիրն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ իրական և բովանդակալից բանակցություններ վարել»,- ասել է ուկրաինացի նախարարը։

 

Միաժամանակ նա նշել է, որ Կիևին հաղթելու համար երեք բան է պետք՝ ուկրաինական ճկունություն, բնավորություն և մարտունակություն, անհրաժեշտ զենքի մատակարարում և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ։ 

 

«Եթե երեք գործոններն էլ միավորվեն, ապա մենք կհաղթենք այս պատերազմում»,- ասաց նախարարը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ տեղի ունեցողի պատճառով Ուկրաինայի տնտեսությունն ավելի շատ է տուժել, քան Ռուսաստանինը։ 

 

«Չնայած պատժամիջոցները շատ կարևոր են և ունեն ազդեցություն, դրանք չեն կարող կանգնեցնել ռուսական ռազմական մեքենան, քանի դեռ Եվրոպան շարունակում է գնել ռուսական նավթն ու գազը», - ասել է Կուլեբան։

 

 

Քաղաքականություն