
Մանկապարտեզներում և դպրոցներում ջրծաղիկի դեպքեր են գրանցվում. ծնողներն ահազանգում են

Հանրապետության մանկապարտեզներում և դպրոցներում կարմրուկի և ջրծաղիկի դեպքեր են գրանցվում, ծնողներին հորդորում են երեխաներին առայժմ չուղարկել կրթական հաստատություններ։Այս մասին գրում է ArmDaily.am-ը՝ հայտնելով, որ ահազանգեր է ստացել ծնողներից։
ԿԳՄՍ նախարարությունից կայքին հայտնել են, որ դեռ դեպքեր չունեն, որ վերընշված հիվանդությունների պատճառով դպրոցները ամբողջությամբ հեռավար ուսուցման անցած լինեն։
«Բայց դպրոցներում եթե կան 1 կամ 2 լոկալ բնույթի դեպքեր, ապա դպրոցների տնօրինությունը, առաջնորդվելով հեռավար ուսուցման կազմակերպման կարգով, կազմակերպում են հեռավար ուսուցում իրենց դպրոցում որևէ հիվանդության պատճառով դասի չեկող երեխայի համար։ Նման դեպքերում դպրոցը պարտավոր չէ նախարարությանը իրազեկել»,- տեղեկացրել են նախարարությունից։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ հիմա ջրծաղիկով վարակվելու սեզոնն է և կարող են հիվանդության դեպքեր գրանցվել։
«Ջրծաղիկը օդակալիթային վարակ է, որը կրում է սեզոնային բնույթ։ Հիմա սեզոնն է՝ ավելի շատ գարուն, ձմեռ, աշուն ժամանակահատվածն է, որի դեպքում ջրծաղիկի դեպքերի աճ է գրանցվում։ Դա բնորոշ է այդ հիվանդությանը։
Ջրծաղիկը դա մանկական վարակիչ հիվանդություն է, որը հիմնականում 5-9 տարեկան երեխաների շրջանում։ Կազակերպ հաստատություններում՝ հատկապես ձմռանը և գարնանը, որտեղ փակ տարածություն է, վարակը հատկապես արագ է տարածվում»,- ասել է համաճարակաբանը։
Ինչ վերաբերում է կարմրուկի դեպքերին՝ Եվգենյա Խաչատրյանը նշել է, որ կարմրուկի տեղական դեպքեր չունենք։
«Եթե վերցնում ենք կարմրուկը և ջրծաղիկը, ապա երկուսի կլինիկական դրսևորումը ցանն է։ Եթե մարդ չի իմանում ցանի բնույթը՝ հնարավոր է, որ ուղղակի չտարբերեն՝ դա ջրծաղիկ է, թե կարմրուկ»,- ասել է համաճարակաբանը։
Նա տեղեկացրել է, որ դպրոցներից ահազանգեր չեն ստացել ջրծաղիկով վարակվածության դեպքերի մասին։