Հասարակություն

Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք․ Բաբայանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք․ Բաբայանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին:

Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

 

«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:

 

Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդեց, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:

Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտում է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:

«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», - ասում է նախարարը:

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», - հայտնեց արտգործնախարարը:

 

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դիմում են ամենատարբեր միջոցների՝ Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու և ինչպես Արցախի Հանրապետության լիազոր մարմիններն ու իրավապաշտպաններն են հայտարարում՝ հայությանը էթնիկ զտման ենթարկելու նպատակով: Ինչպես Լեռնային Ղարաբաղից տարբեր խողովակներով՝ պաշտոնական աղբյուրների, լրատվամիջոցների, բնակիչների սոցցանցային հրապարակումների միջոցով եկող տեղեկատվական հոսքի ընդհանուր պատկերն է ցույց տալիս՝ գազատար խողովակների վնասումը կամ դրանից հետո տեղադրված փականի միջոցով կապույտ վառելիքի տարանցման ու այդպիսով, փաստորեն, շուրջ 120 հազար բնակչության ջեռուցման դադարեցումը այդ միջոցներից մեկն է միայն: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակչությանը: Ադրբեջանցիները համայնքի բնակելի հատվածից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բլրի վրա տեղադրված բարձրախոսներով, ընդ որում՝ հայերեն տեքստով  կոչ են անում խաղաղ հայ բնակչությանը դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և լքել գյուղը՝ սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել:

 

Անդրադառնալով նշված դեպքին՝ Արցախի արտգործնախարարը շեշտեց՝ Խրամորթը կանգնած է և անկախ ամեն ինչից դիմակայելու է: Արցախում, ըստ նրա, վաղուց ծանոթ են Ադրբեջանի այդ գործելաոճին և ոչ մի դեպքում չեն վհատվում ու չեն ահաբեկվում:

«Մի օր այստեղ է այդպիսի դեպք լինում, մի օր մեկ ուրիշ տեղ է լինելու: Սա իրենց ոճն է, մենք արդեն վաղուց ծանոթ ենք դրան: Սա որևէ ձևով մեզ չի ահաբեկել», - հավելեց Դավիթ Բաբայանը:

 

Արցախի տարածք բնական գազ տարանցող խողովակաշարը վնասվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Երկար ժամանակ ադրբեջանցիները թույլ չէին տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դա ի վերջո հնարավոր դարձավ, և նախորդ շաբաթվա վերջին՝ մարտի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հաջորդ օրը պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ գազի մատակարարումը շուտով ամբողջությամբ կվերականգնվի: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250