Թույլ մի տվե՛ք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը. արցախցի պատգամավորի կոչը

Արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` դիմելով ՀՀ և համասփյուռ մեր հայրենակիցներին։
 

Հակոբյանի խոսքով` ՀՀ իշխանությունները թե՛ իրենց գործողություններով, թե՛ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից։ Ուստի, Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:


«Հայեր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ, և անտարբերությամբ ու ամենաթողությամբ իրականում կզրկվենք մեր հայրենիքից: Այն, ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է:

Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի՝ դիմելով ձեզ, խնդրում եմ օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը»,–գրել է Հակոբյանը։
 

Հիշեցնենք, որ գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները տեղյակ են խնդրի մասին և բանակցում են վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։

Քաղաքականություն