Ո՞ր դեպքում է հնարավոր եկամտային հարկի հետվերադարձը. Բաբկեն Թունյանը պարզաբանում է

Ազգային ժողովը քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ կառուցապատողից բնակելի տուն ձեռք բերելիս, նախքան տան շինարարության ավարտը, կնքել գնման իրավունքի պայմանագիր՝ օգտվելով եկամտային հարկի վերադարձի համակարգից: 

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանում գործում է համակարգ, որը հնարավորւթյուն է տալիս առաջնային շուկայում, այսինքն՝ հենց կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին: 


«Կար հետևյալ տրամաբանությունը՝ պարտադիր չէր, որ մարդիկ սպասեին, որ շենքի կառուցպատումը հասներ ավարտին, մինչև ավարտական ակտ ստանալը հնարավորություն կար կնքել գնման իրավունքի պայմանագիր և ձևակերպել հիփոթեքային վարկը, ինչից հետո, երբ 1 կամ 2 տարուց բնակարանը վերջնական առքուվաճառքով կանցներ քաղաքացուն, արդեն վերաձևակերպում էր կատարվում: Այս գնման իրավունքի մեխանիզմը կառուցապատողներին հնարավորություն էր տալիս մինչև շենքն ավարտին հասցնելը մտնել որոշակի ֆինանսական հարաբերությունների մեջ և լուծել շրջանառու միջոցների խնդիրը, բայց առաջացել էր մի այսպիսի հարց. քանի որ օրենքում ֆիքսված էր, որ գնման իրավունքը տարածվում է միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքերի վրա, բնակելի տները դուրս են մնացել այս կարգավորումից, և այս հնարավորությունից կառուցապատողները չէին կարողանում օգտվել», - նշել է Թունյանը: 

Իշխանական պատգամավորները բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու ձևակերպմանն ավելացրել են նաև բնակելի տուն հասկացությունը և օրենքի ընդունումը հնարավորություն կտա արդեն բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր և նախօրոք սկսել ամբողջ գործընթացը: 

Բաբկեն Թունյանը պարզաբանեց, որ եկամտային հարկի հետվերադարձը հիմա ևս աշխատում է և բազմաբնակարան շենքերից բնակարան գնելու դեպքում, և բնակելի տների դեպքում, պարզապես բազմաբնակարան շենքերի դեպքում այդ ամբողջ գործընթացը կարող էր սկսվել մինչև տան շինարարությունը ավարտին հասցվելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը կհասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն այս գործընթացը կսկսեր: 

«Այսինքն, մեծ հաշվով, մենք ժամանակային խնդիր ենք լուծում կառուցապատողների համար», - ասել է նա: 

Պատգամավոր Հայկ Ցիրունյանը հետաքրքվրեց՝ եթե քաղաքացին անձամբ ինքն է ուզում բնակելի տուն կառուցել իր համար, շինարար չէ, նույն օրենքից կարողանալո՞ւ է օգտվել, Թունյանն էլ պատասխանեց, որ առաջարկվող կարգավորումն այդ դեպքում չի տարածվի, քանի որ դա հենց գնման իրավունք է. քաղաքացին տունը գնելու իրավունքն է ձեռք բերում մեկ ուրիշից:

Քաղաքականություն

Պատահարներ