Եվրոյի և դոլարի փոխարժեքները հասել են պատմական առավելագույնի. ռուբլին՝ պատմական նվազագույնին. Bloomberg

Փետրվարի 28-ի առավոտյան միջազգային սակարկություններում եվրոյի և դոլարի փոխարժեքները, ըստ Bloomberg-ի տվյալների, հասել են պատմական առավելագույնի, իսկ ռուբլու փոխարժեքը միջազգային սակարկություններում ընկել է՝ հասնելով պատմական նվազագույնի, կորցնելով իր արժեքի ավելի քան 30%-ը դոլարի և եվրոյի նկատմամբ։ 
 

Մոսկվայի ժամանակով ժամը 07:10-ի դրությամբ(Երևանի ժամանակով՝ 08:10 ) եվրոն վաճառվում է 123,47 ռուբլով, դոլարը` 107,68 ռուբլի: Միևնույն ժամանակ, իր գագաթնակետին դոլարի փոխարժեքը երկուշաբթի՝ փետրվարի 28-ի առավոտյան, գերազանցել է 117 ռուբլու սահմանագիծը, եվրոյի փոխարժեքը՝ 132 ռուբլի։
 

Մոսկվայի բորսայում առուվաճառքի մեկնարկը Կենտրոնական բանկի որոշմամբ հետաձգվել է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ն։
 

Ավելի վաղ արևմտյան երկրները պատժամիջոցներ էին սահմանել Մոսկվայի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով։ Մասնավորապես, Եվրամիությունը հայտարարել է ռուսական որոշ բանկերի SWIFT համակարգից անջատելու և Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման մասին։

ԵՄ-ն նաև արգելել է ռուսական պետական ​​ընկերությունների արժեթղթերի ցուցակումը իր բորսաներում և սահմանափակել եվրոյով պարտքերի ներգրավումը։

Քաղաքականություն