
Իտալական և իսպանական ընկերությունները վիճել են Պուտինի և Մակրոնի հանդիպման սեղանի պատճառով

Գործարարներ, իսպանացի Վինսենտե Սարագոսան և իտալացի Ռենատո Պոլոնjան վիճել են, թե ում ընկերությունն է պատրաստել երկար սեղանը, որի շուրջ բանակցել են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հակասությունները սկսվել են այն բանից հետո, երբ Սարագոսան իսպանական ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե սեղանը, որի շուրջ նստել են պետությունների ղեկավարները, պատրաստվել է Վալենսիայի իր արտադրամասում: Ըստ նրա՝ սեղանը պատրաստված է ալպիական սպիտակ հաճարից և զարդարված է իսկական ոսկու թերթիկով։
Այնուամենայնիվ, իտալական Կոմո քաղաքում Oak փոքր ձեռնարկության հիմնադիր Ռենատո Պոլոնյան պնդում է, թե Սարագոսան ստում է՝ ասելով, թե ինքը մասնակցել է այդ սեղանի ստեղծմանը։ Նա նշել է, որ այս մոդելը պատրաստվել է 1990-ականների կեսերին, և իր լուսանկարներն այն ժամանակ ակտիվորեն տարածվել են ռուսական ամսագրերում և թերթերում։
«Այս մարդը, ում ես չեմ ճանաչում, ասում է, թե այս սեղանը պատրաստել է 2005 թվականին: Դա սուտ է։ Որպես ապացույց՝ մենք ունենք բոլոր վկայականները կատարված աշխատանքի և նույնիսկ նախագահի ճանաչման վերաբերյալ, որն այն ժամանակ Բորիս Ելցինն էր»,- ասել է Պոլոնյան։
Փետրվարի 7-ին Կրեմլում Պուտինի և Մակրոնի բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ։ Այնուհետև Կրեմլը բացատրել է, թե ինչու են Պուտինն ու Մակրոնը նստած շատ երկար սեղանի շուրջ, ինչը դարձել է կատակի առարկա։