
Նոր օրենք՝ մեքենաների գազաբալոնների հետ կապված․ ի՞նչ պետք է անեն վարորդները և ի՞նչ խնդրի առաջ են կանգնել

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն այն երկներից է, որտեղ մեքենաների մեծ մասը գազաբալոններով են շահագործվում: Վարորդների գերակշիռ մասն ասում է, որ բենզինը թանկ է, գազաբալոն տեղադրելով, հեղուկ կամ սեղմված գազ օգտագործելով կարողանում են տնտեսել:
Գազաբալոնների անվտանգության ստուգումը երկար տարիներ մնացել է վարորդների հայեցողությանը եւ հարց է, թե դրանք ինչպե՞ս ու ո՞ւմ մոտ են ստուգվել, կամ առհասարակ՝ որևէ ստուգում իրականացվել է, թե՞ ոչ։
Հենց սրանով էլ պայմանավորված՝ 2021 թ․-ի դեկտեմբերի 10-ին ուժի մեջ է մտել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հեղինակած օրենքը, ըստ որի Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը: Գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում:
Auroranews-ի խմբագրությունն այս օրենքի հետ կապված բազմաթիվ զանգեր է ստացել վարորդներից, որոնք նշում են, որ այս պահին ՀՀ-ում չկա որեւէ լիցենզավորված կազմակերպություն, որը կանցկացնի լիցենզավորման գործընթացը։ Ստացվում է, որ լիցենզավորումը պարտադիր է, սակայն լիցենզավորող չկա և ըստ օրենքի՝ փետրվարի 15-ից հետո գազալցակայաններն իրավունք չեն ունենալու լիցքավորել գազաբալոնները:
Վարորդների խոսքով՝ սա կբերի կոլապսի, քանի որ երկրում մեքենաների մեծ մասը գազաբալոն ունի: Ստացվում է, որ անկախ օրենքի պահանջից եւ սահմանված տուգանքներից՝ վարորդները չեն կարողանալու իրականացնել օրենքի պահաջը:
Auroranews-ը գրավոր հարցմամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով պատասխանել մի քանի հարի. «Ինչո՞ւ է հապաղում լիցենզավորման գործընթացը: Քանի՞ ընկերություն է դիմել լիցենզավորման համար: Ի՞նչ պարբերականությամբ է իրականացվելու գազաբալոնների լիցենզավորման գործընթացը: Ի՞նչ են անելու վարորդները, եթե մինչեւ փետրվարի 15-ը չհաջողվեց իրականացնել լիցենզավորման գործընթաց, քանի որ գազալցակայաններն արդեն հրահանգ ունեն չլիցքավորել համապատասխան փաստաթղթեր չունեցող գազաբալոնները»:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը․ «2022թ-ի հունվարի 18-ի դրությամբ ուսումնասիրվում են սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման տրամադրելու 3 հայտեր: Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման լիցենզավորումը սեղմ ժամկետում կազմակերպելու, լիցենզավորման գործընթացին առնչվող խնդիրները քննարկելու համար 2022թ-ի հունվարի 17-ին հրավիրվել է քննարկում, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող 16 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջարկվել է լիազոր մարմնի հետ համագործակցելով սեղմ ժամկետում հանրապետությունում ապահովել ոլորտում լիցենզավորված կազմակերպությունների համապատասխան քանակ՝ ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացները պատշաճ իրականացնելու համար:
ՀՀ-ում ավտոմոբիլների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պարբերականությունը սահմանված է առնվազն 2 տարի: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոնների վերաբերյալ տրամադրված տեղեկանքները ուժի մեջ են և մինչեւ հերթական վկայագրման ժամկետը կարող են օգտագործվել»: