ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը․ պատագամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է համարում հարևան պետությունների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը:

«Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը»,-Ազգային ժողովում հայտարարեց Քոչարյանը:

Նա նշեց, որ 44-օրյա պատերազմը պատճառել է անդառնալի մարդկային կորուստներ, որոնց ցավը բոլորին է պատկանում, սակայն նաև տվել է հնարավորություն՝ ապրելու, ստեղծելու, արարելու, վերաարժևորելու կյանքն ու ժամանակը: 

«Այժմ մեր խնդիրն է Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, լինելով իրատես՝ զերծ մնալ կործանարար մեծամտությունից, ավելորդ հուզականությունից և այս պահին, թերևս, անհիմն ինքնավստահությունից: Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանն կարևորեց նաև երկիրը ներքին ցնցումներից ու բզկտումներից զերծ պահելը:

«Երկարատև խաղաղության հաստատման և պետության անվտանգության լիակատար ապահովման համար մեզ պետք է միասնականություն, սառը բանականություն և խոհեմություն ցուցաբերել՝ չմոռանալով անցյալը. սա է առաջ շարժվելու և նշանակալի հաջողություններ գրանցելու ամենաարդյունավետ ճանապարհը», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքականություն