
Չինացին 20 տարի տառապել է գլխացավերից. պարզվել է գանգում փամփուշտ կա

Չինաստանի մի բնակիչ անընդհատ սաստիկ գլխացավ է ունեցել, ինչից հետո շոկի է մատնվել՝ տեղեկանալով, որ ինքը մոտ երկու տասնամյակ ապրում էր գանգի ձախ մասում գտնվող փամփուշտով, գրում է odditycentral.com-ը:
28-ամյա երիտասարդը պատմել է, որ ինչքան իրեն հիշում է՝ սաստիկ գլխացավ ունի: Սակայն վերջին շրջանում այն գնալով ավելի հաճախակի ու անտանելի է դարձել: Սխզբում նա մտածել է, որ դա քնի պակասի հետևանք է, սակայն բուժզննում անցնելուց հետո ցավի իրական պատճառը բացահայտվել է:
Շենժենի համալսարանի գլխավոր հիվանդանոցի բժիշկները ՄՌՏ կատարելիս հայտնաբերել են տարօրինակ առարկա, որը գտնվում էր Սյաո Չենի գանգի ձախ մասում: Մանրակրկիտ զննությամբ պարզվել է, որ փոքր առարկան մետաղյա փամփուշտ է, ուստի հիվանդանոցի աշխատակիցները երիտասարդին հարցրել են՝ արդյոք նա որևէ պատկերացում ունի, թե ինչպես է այն հայտնվել այնտեղ:
Հետաքրքրական է, որ Չենը հիշել է, որ երբ մոտ 8 տարեկան էր, եղբոր հետ տանն օդամղիչ ատրճանակով էին խաղում, երբ ատրճանակը պատահաբար կրակել է իր գլխի ուղղությամբ։ Նա և իր եղբայրը վախենում էին, որ իրենց ծնողները կբարկանան, ուստի ոչինչ չեն ասել, իսկ վերքն աննկատ է մնացել մազերի պատճառով, ուստի ծնողներնը չեն տեսնել այն: Բացի այդ, վերքը շատ ցավոտ չէր, ուստի նա ի վերջո մոռացել է դրա մասին:
Բժիշկները 28-ամյա երիտասարդին ասել են, որ նրա բախտը բերել է, որ ողջ է, քանի որ գնդակն իսկապես մոտ է եղել քունքին, բայց ամբողջությամբ չի թափանցել գանգ կամ դիպել ուղեղին։ Նրան շտապ վիրահատություն են նշանակել, և 20-ամյա փամփուշտը, որի երկարությունը մոտ 1 սմ է, իսկ տրամագիծը՝ մոտ 0,5 սմ, հաջողությամբ հեռացվել է։